Դիդիե Մարուանին նոր դատական հայց է ներկայացրել Ֆիլիպ Կիրկորովի դեմ

Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ավելի քան 500 երգ եմ գրել, որոնցից յուրաքանչյուրն ասես իմ երեխան լինի

Ֆրանսիացի երգիչ Դիդիե Մարուանին ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի և կոմպոզիտոր Օլեգ Պոպկովի դեմ հեղինակային իրավունքների պաշտպանության առնչությամբ ևս մեկ դատական հայց է ներկայացրել, գրում է РИА Новости-ն։

«Առայժմ հայցի համաձայն իմ պաշտպանյալը պատասխանող կողմից 272 մլն ռուբլի է պահանջում։ Հայցը վերաբերում է կոմպոզիտորի երգի կատարման հեղինակային իրավունքներին, որոնք ոտնահարվել են Կիրկորովի, Պոպկովի և նրանց ընկերություններրի կողմից, որոնք օգտագործել են երգից մի հատված, ընդ որում՝ տվյալ հատվածը երգի հիմնական, ամենակարևոր մասն է և կատարվել է Կիրկորովի կողմից «Անգութ սեր» («Жестокая любовь») վերնագրով երգում»,- ասել է Մարուանիի դատապաշտպան Եվգենի Տարլոն։

Մարուանին իր հերթին ընդգծել է, որ իր համար սկզբունքային է իր երգերի «հայրությունը» վերադարձնելը։

«Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ավելի քան 500 երգ եմ գրել, որոնցից յուրաքանչյուրն ասես իմ երեխան լինի։ Ինձ վիրավորել են, վարկաբեկել իմ պատիվը։ Ոզում եմ մաքրել այդ բիծն իմ հեղինակության վրայից»,- հայտարարել է նա։

2016թ․-ին Մարուանին նույն երգի հեղինակային իրավունքների ոտնահարման վերաբերյալ դատական հայց էր ներկայացրել Կիրկորովի դեմ՝ պնդելով, որ այն իր Symphonic Space Dream երգի վերամշակված տարբերակն է, սակայն դատարանը ընդդատության օրենքների խախտման պատճառով հայցը քննության չէր առել։