Նոր Զելանդիայի մզկիթում կրակ բացած տղամարդու մոտ գտնված զենքերից մեկի վրա հայերեն գրություն է նկատվել

Գրության փաստն արդեն ուշադրության է արժանացել ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցների կողմից

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում այսօր առավոտյան կրակ բացած 28-ամյա տղամարդու իրերի մեջ իրավապահները հայտնաբերել են տարբեր հակաիսլամական գրություններով զենքեր, որոնցից մեկի վրա նկատվել է նաև հայերեն գրություն: 

Ինչպես երևում է Daily Mail-ի հրապարակած լուսանկարներում, ինքնաձիգներից մեկի վրա սպիտակ ներկով գրված է «Սարիղամիշի ճակատամարտ»: Գրության փաստն արդեն ուշադրության է արժանացել ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցների կողմից:

Հայտնի է, որ ավստրալացու զենքերից մեկի վրա գրված է եղել նաև Վրաստանի թագավոր Դավիթ Շինարարի անունը, որը պայքարել է հարևան մուսուլմանական ամիրայությունների դեմ:

վֆդցսա


Նշենք, որ Սարիղամիշի ճակատամարտն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական և Օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է: Այն ընթացել է 1914 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը և ավարտվել ռուսական զորքի հաղթանակով: 

Հատկանշական է, որ ճակատամարտը մաս էր կազմում Ռուսական կայսրության «Կովկասյան արշավանքի», որի անմիջական նպատակն էր հետ վերցնել Արդվինը, Արդահանը, Կարսը և Բաթումի նավահանգիստը:

Թուրքական պատմագրությունը Սարիղամիշի ճակատամարտը համարում է Օսմանյան կայսրության ամենասև էջերից մեկը՝ նշելով, որ այդ ժամանակ մահացել է 90 000 թուրք զինվոր:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում սպանդ իրականացրած տղամարդը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները: 

Նա նաև «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:

«Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», - գրել էր հրաձիգը: