Մարտի 1-ի գործով նիստերը կանցկացվեն դռնբաց. Օրբելյան

Կլինի դռնբաց դատական նիստ ու բոլորդ կտեսնենք այդ նյութերի որակը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Մարտի 1-ի գործով նիստերը դռնբաց են լինելու: 

«Դռնբաց դատական նիստ է լինելու, եթե հանկարծ մեկի մտքով անցնի, որ կարող է դռնփակ նիստ անցկացնել, ապա թող ՀՔԾ-ն այլեւս չփորձի իմ գործընկերոջը սուտասան ասել։ Կլինի դռնբաց դատական նիստ ու բոլորդ կտեսնենք այդ նյութերի որակը»,- ասաց պաշտպանը։

Արամ Օրբելյանի գնահատմամբ, Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող ապացուցվել․ «Մոտավորապես հետեւյալն է ասված մեղադրանքի մեջ, իմ օրինակով բացատրեմ՝ Արամ Օրբելյանն առավոտյան արթնացել է, ատամներն է լվացել, նստել մեքենան ու իջել աշխատանքի, այդ ընթացքում բենզին է լցրել, ու հետո մեղադրում են գողություն կատարելու մեջ, այսինքն, իմ նկարագրածի մեջ գողության որեւէ դրվագ չկա։ Հիմա 2008թ․-ին Սահմանադրական կարգը չի տապալվել, հետեւաբար դրա մեջ անձին չեն կարող մեղադրել»։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանն այսօր եւս 2 ամսով երկարացրել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։