Նորընտիր կառավարությունն ամբողջ օրը մեր սրճարանում էր

Այն գումարը, որը նախատեսել են կանաչապատման համար, թող տանեն, տան անապահով ընտանիքներին
 ապամոնտաժում

Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները շարունակում են պահանջել հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

«Մենք՝ այստեղ հավաքվածներս, ընտրել ենք ոչ թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, այլ քաղաքապետ Հայկ Մարությանին, մենք իրավունք ունենք, չէ՞, գոնե մեկ անգամ նրան տեսնելու։ Չենք փոշմանել, որ նրան ենք ընտրել, բայց մենք ընդամենը նրա հետ հանդիպում ենք պահանջում։ Քաղաքապետը մեկ խաչմերուկ ներքև է ապրում, իջնենք նրա տան մոտ, խնդրենք իջնի մեզ հետ զրուցի՞»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ատմասֆերա» սրճարանի սեփականատերը։

Նրա խոսքով՝ առաջարկել են, որպեսզի մինչև նոյեմբեր աշխատեն և առանց «կրկես ցուցադրելու»՝ ապամոնտաժեն իրենց սրճարանները, տարածքը կանաչապատեն ու հանձնեն հանրությանը, սակայն քաղաքապետարանը չի համաձայնել

«Այն գումարը, որը նախատեսել են կանաչապատման համար, թող տանեն, տան անապահով ընտանիքներին»,- ասաց նա։

Սրճարանի սեփականատերը նաև տեղեկացրեց, որ առավոտյան իր հորն ու ամուսնուն բերման են ենթարկել ոստիկանություն և մինչև այժմ դեռ ազատ չեն արձակել. «Ես էլ ունեմ վնասվածքներ, ինձ վրա ոստիկան է թքել, բայց ես որևէ մեկի վրա չեմ բողոքում։ Այս նորընտիր կառավարությունն ամբողջ օրը մեր սրճարանում էր»: