Բաքվում Արցախի նախկին ղեկավարների դատաքննությունը կշարունակվի փետրվարի 14–ին

Մանրամասներ
դատ դատարան նախագահներ

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավարությունը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավարության ընթացքում շարունակվել է մեղադրական ակտի եզրափակիչ մասի ընթերցումը:

ԼՂ ռազմաքաղաքական 15 գործիչների մասով, այսպես կոչված, դատաքննությունը կշարունակվի փետրվարի 14–ին:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Հունվարի 28–ին Բաքվի դատարանը մերժել է նաև Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ 30 օր տրամադրելու մասին։