Նյու Յորքում կբացվի ամենաբարձր դիտահարթակն արևմտյան կիսագնդում

Նյու Յորքում ամենաբարձրն են համարվում այն դիտահարթակները, որոնք գտնվում են Empire State Building-ի վրա

2020 թվականին այցելուների համար կբացվի արեւմտյան կիսագնդում ամենաբարձր դիտահարթակը, որտեղից կարելի կլինի տեսնել ամբողջ Նյու Յորքը: Ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, հարթակը, որն ստացել է The Edge («Ծայրամաս») անվանումը, կստեղծվի 335 մետր բարձրությունում՝ Hudson Yards Tower 100-հարկանի երկնաքերի վրա, որն այժմ կառուցում են Հուդզոն գետի ափին՝ Մանհեթեն կղզու արեւմտյան ափին՝ Hudson Yards շրջանում։

Եռանկյուն հարթակը 19,8 մետր դուրս կգա երկնաքերի պատից: Դրա կենտրոնական մասը կպատրաստվի մեծ ամրության ապակուց: Այցելուներին 60 վայրկյանում մինչեւ 100-րդ հարկ կբարձրացնի արագընթաց վերելակը: Հարթակի կողքին կբացվեն ռեստորան եւ բար: Ինչպես սպասվում է, առաջին այցելուները կկարողանան The Edge դուրս գալ 2020 թվականին:

Իսկ առայժմ Նյու Յորքում ամենաբարձրն են համարվում այն դիտահարթակները, որոնք գտնվում են Empire State Building-ի վրա՝ 320 մետր բարձրությունում, եւ Rockefeller Center-ի վրա՝ 259 մետր բարձրությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: