«Հե՛յ, Նեթանյահո՛ւ, ուշքի՛ արի»

Էրդողանը գող ու անխիղճ է անվանել Նեթանյահուին
Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը նրան բռնապետ էր անվանել: Ինչպես գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը, Էրդողանն «Իսրայելը ղեկավարող գող» է անվանել Նեթանյահուին, ինչպես նաև մեղադրել նրան պաղեստինցի երեխաների մահվան համար:

«Հե՛յ, Նեթանյահո՛ւ, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես: Քո ոստիկանը, քո զինվորը կոշիկով մտնում է մեր սրբավայրերը: Մի՛ սադրիր մեզ: Մենք ոչ մի հրեայի չենք ճնշել»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիան «մինչև իր վերջին շունչը» պայքարելու է Պաղեստինի հարցի լուծման համար:

Հիշեցնենք, որ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի իր պաշտոնական էջում կատարած գրառումներից մեկում Թուրքիայի նախագահին մեղադրել էր Իսրայելի ժողովրդավարության դեմ ոտնձգություն կատարելու համար ու «բռնակալ» անվանել նրան: