Ով է Լոնդոնի ամենահարուստ բնակիչը

Ֆրիդմանն ամենահարուստ լոնդոնցին է ճանաչվել առաջին անգամ

Forbes հանդեսը «Ալֆա-գրուպ»-ի հիմնադիր եւ LetterOne լյուքսեմբերգյան հոլդինգի խոշորագույն բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանին ճանաչել է Լոնդոնի ամենահարուստ բնակիչը։

Հրատարակության փորձագետներն աշխարհի ամենահարուստ մարդկանց նոր գլոբալ վարկանիշի հիման վրա հաշվել են, թե որ քաղաքներում են առավել մեծ թվով միլիարդատերեր ապրում, ինչպես նաեւ նշել են այդ քաղաքների ամենահարուստ բնակիչներին: Լոնդոնում, որտեղ ապրում է 226 մլրդ դոլար միագումար կարողություն ունեցող 55 միլիարդատեր, ամենահարուստ բնակիչը դարձել է ռուսաստանցի, «Ալֆա-գրուպ»-ի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը: Նրա կարողությունը գնահատվում է 15 մլրդ դոլար:

Ֆրիդմանն ամենահարուստ լոնդոնցին է ճանաչվել առաջին անգամ: Մինչ այդ մի քանի տարի շարունակ այդ կոչումը պահպանում էր ԽՍՀՄ-ից սերված, Access Industries-ի սեփականատեր Լեոնարդ Բլավատնիկը: Այժմ Forbes-ը որպես Բլավատնիկի մշտական բնակության վայր է նշում Նյու Յորքը: Հանդեսը նաեւ հայտնում է, որ այն քաղաքների առաջին եռյակում, որտեղ ամենամեծ թվով միլիարդատերերն են ապրում, հաստատուն տեղ է զբաղեցնում Մոսկվան:

2019 թվականին Forbes-ը Ռուսաստանի մայրաքաղաքում գտել է 71 միլիարդատիրոջ, որոնցից ամենահարուստը «Նովատեկ» ընկերության վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնն է: 2019 թվականի վարկանիշում այդ ցուցանիշով Մոսկվային գերազանցել են միայն Նյու Յորքը եւ Հոնկոնգը: