Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

ՀՀ առողջապահության նախարարության և շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել
Դեղեր

ՀՀ առողջապահության նախարարության և շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու մասին:

«ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերությունը մշակել է «Հիվանդների աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված դեղերի շուկայական գներն են (ՀՀ դրամով)`

– Հերսեպտին 440մգ – նախկին գին` 590 000, նոր գին` 530 000;

– Ավաստին 100մգ – նախկին գին` 152 000, նոր գին` 105 000;

– Ավաստին 400մգ – նախկին գին` 598 500, նոր գին` 410 000:

«ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են՝ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար: