«Դեկտեմբերից հետո աշխատավարձ չենք ստացել»

Բողոքի ցույց՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանում
Չարենցավան

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի աշխատակիցները երեկ եւ այսօր բողոքի ցույց են անում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։

Գործարանի աշխատակիցներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի ձմեռը Չարենցավանի հաստոցաշինական գործարանում աշխատողների աշխատավարձերը սահմանված ժամանակից մինչեւ 4 ամիս ուշացնում են։

«Երեկ այն բանից հետո, երբ մենք ոտքի կանգնեցինք, դրանից հետո չգիտես որտեղից գումար հայտնվեց եւ վճարեցին մեր դեկտեմբեր ամսվա  աշխատավարձը։ Պայմանագրով նշված է, որ աշխատողների աշխատավարձը պետք է վճարեն մինչեւ ամեն ամսվա 25-ը, եթե չեն վճարում, պետք է ամեն ուշացված օրվա համար վճարեն, սակայն չեն վճարում»,–նշեց գործարանի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ գործարանը այդ ընթացքում բնականոն աշխատել է, «ոչ մեկ նստած չի եղել, հարկադիր պարապուրդի է եղել, որը եւս չի վճարվել»։ «Գործարանը ունի մոտավորապես 165 աշխատակից ունի։ Նրանցից ոչ ոք աշխատավարձ չի ստացել։ Ասում են հունվար ամսվանն էլ կտանք, բայց որտեղից են տալու, եթե ասում են՝ փող չկա»,–նշեց աշխատակիցը։

Ըստ նրա՝ աշխատակիցների հետ գործարանի տնօրենն ու փոխտնօրենն են հանդիպել. «Տնօրենն ասում է՝ սա է վիճակը, պիտի հարմարվենք, ոչ մի ռեալ պատասխան չի տալիս, որ մարդիկ հասկանան՝ շարունակեն աշխատել, թե չէ։ Սա այն գործարաններից մեկն է, որն ապահովում է ռազմատեխնիկայի վերանորոգումը, ուստի գործարանը չպետք է կանգնի»։

Աշխատակցի խոսքով՝ այս իրավիճակն անընդհատ կրկնվում է՝ «անցած տարի էլ, նախանցած տարին էլ մինչեւ 4 ամիս աշխատավարձ չեն տվել»։ 

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն Ավետիք Սերոբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատակիցների բողոքը մասամբ ճիշտ է եւ մասամբ՝ ոչ։ «Մեր հիմնարկը բյուջետային հիմնարկ չէ։ Մեր աշխատավարձը գոյանում է մեր աշխատանքի արդյունքում։ Եթե աշխատում ենք, աշխատավարձ ստանում ենք»,–նշեց  տնօրենը։ 

Նրա խոսքով՝ կան տարբեր գործընթացներ, որոնք կապված են պետության տարեկան բյուջեի ձեւավորվման, բաշխման, վերաբաշխման հետ, բյուջեով աշխատանքների եւ ծառայությունների նախատեսման եւ գնումների գործընթացին համարժեք պայմանագրերի հետ եւքա յդ համատեքստում պետք է տեսնել աշխատավարձերի ուշացումը։

Հարցին՝ աշխատավարձերի ուշացումը իրավաչափ է արդյոք, նա նշեց. «Ոչ ամբողջապես։ Հաշվի առնելով մեր գործարանի բնույթը՝ այն իրավունք չունի կանգնելու եւ չաշխատելու։ Իսկ աշխատողները վարձատրվում են իրենց աշխատանքի դիմաց, բայց մի քիչ ուշ՝ մինչեւ համապատասխան պայմանագրեր են լինում, մենք աշխատանքները կատարում են, որոշակի գումար են ձեւավորում, որ կատարված աշխատանքի դիմաց այդ գումարները ստանանք եւ վճարենք»։

Գործարանի տնօրենը հաստատեց, որ երեկ աշխատակիցները ստացել են դեկտեմբեր ամսվա աշխատավարձը,ապա հավելեց, որ օրենքի սահմաններում փաստաթղթաշրջանառությունից հետո հունվարն ու փետրվարը հնարավոր է 15 օրից ստանան։