UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է

Նա Մայամիի գիշերային ակումբներից մեկի դիմաց կոտրել է երկրպագուի հեռախոսը
Կոնոր Մաքգրեգոր

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Մայամիի գիշերային ակումբներից մեկի դիմաց կոտրել է երկրպագուի հեռախոսը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իռլանդացուն մեղադրանք է առաջադրվել գողության և խուլիգանության հատկանիշներով:

Մաքգրեգորը մարտի 11-ին` առավոտյան ժամը 5-ին, դուրս է եկել գիշերային ակումբից: Անհայտ երկրպագուն փորձել է իր հեռախոսով լուսանկարել իռլանդացուն, ինչից հետո Կոնորը նրա ձեռքից խլել է հեռախոսն ու մի քանի անգամ այն հարվածել է գետնին:

Ոստիկանների խոսքով, Մաքգրեգորը ջարդել է մոտ 1000 դոլար արժողությամբ հեռախոսն ու այն իր հետ տարել: Նշենք` Մաքգրեգորը մի քանի ժամ է անցկացրել կալանքի տակ, ինչից հետո մոտ 12,5 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: