Այսօր տեղի է ունեցել «ՀՀ-ն և ՌԴ-ն՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով համաժողովը, որին մասնակցել են փորձագետներ ՀՀ-ից և ՌԴ-ից:
Ելույթներով հանդես եկան ՀՀ նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը, ԱԳ նակին փոխնախարար Ավետ Ադոնցը, ռուսական կողմից` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը և այլ ականավոր գործիչներ և փորձագետներ:
Արա Այվազյանն ելույթում նշել է, որ վերջին ժամանակներում մենք լսում ենք բարձր, բայց ոչ հաճելի հռետորաբանություն, որն ամենևին չի օգնում Հայաստանի ու ռուսաստանի միջև հարաբերություններին:
Նա անդրադարձել է ՀԱՊԿ-ին, մասնավորապես շեշտել, որ համաշխարհային կարգի փլուզման պայմաններում միջպետական հարաբերությունների որոշիչ գործոն է դարձել ուժային քաղաքականությունը, և ՀԱՊԿ-ը պետք է ադապտացվի ներկա իրավիճակին:
«ՀԱՊԿ-ը կարիք ունի հարմարվելու ներկա իրողություններին։ Հավաքական անվտանգության բուն սկզբունքը չի կարող օպերատիվ և արդյունավետ կերպով համահարթեցնել ժամանակակից մարտահրավերները, քանի որ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը և համապատասխան որոշումներ կայացնում»,- ասել է նա:
Սուրովցևն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է հիմնված լինեն ոչ թե փափուկ ուժի սկզբունքի վրա, այսինքն՝ չվնասել մի երկրի շահը՝ մյուս երկրից առաջնահերթություն պահանջելով, այլ` երկարաժամկետ համագործակցության սկզբունքի:
Ըստ նրա՝ այս համատեքստում էլ փորձ է արվում գործընթացներն առաջ տանել։ Հայ-ռուսական հարաբերություներում տարաձայնություններից դուրս գալու ելքն, ըստ նրա, կառուցողական հարթակն է՝ միմյանց հետ փոխադարձ երկխոսությունը, փորձագիտական շփումները։
Մարկեդոնովն էլ շեշտել է, որ իր համար ռուս-հայկական հարաբերությունները պարզապես դատարկ արտահայտություն կամ մասնագիտական հետաքրքրություն չեն:
«Ես ծնվել եմ Դոնի Ռոստովում, և մանկուց իմ ինքնության մի մասն է Չալթիրը, Նոր Նախիջևանը, իմ հայ դասընկերները: Սա մանկուց է, այդ հետաքրքրությունը կանխորոշված է եղել այն ժամանակ»,- ասել է նա:
Նա նշել է, որ համաձայն է գործընկերների հետ, որ մենք, հավանաբար, գտնվում ենք երկկողմ հարաբերությունների ամենադժվար կետում։ «Դեռ 2-3 տարի առաջ, երբ ես սկսեցի դասախոսել Կովկասում, ասացի, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Վրաստանը ՆԱՏՕ-ի կողմնակից երկիրն է, Ադրբեջանը՝ ճոճվող քաղաքականություն վարող երկիր: Ռուսաստանն ու Հայաստանը, ինչ-որ առումով, նույնիսկ ճգնաժամային հարաբերությունների մեջ են։
Երկկողմ ռազմավարական դաշինքի առանցքային տարրերը կասկածի տակ են դրվում։ Եթե արտահայտվում է այն միտքը, որ ՀԱՊԿ-ը ոչ թե պարզապես անարդյունավետ կառույց է (դա կլինի խնդրի կեսը), այլ հնչում են ելույթներ, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, սա բոլորովին այլ շարքից է»,- հայտարարել է նա:
0Comments