Ինչն է խանգարում ավելի շատ հայկական տոմատ արտադրել, եթե պահանջարկը կա

2018 թ-ին արտադրվել է նաև 582.7 տոննա կետչուպ՝ 2017 թ-ի համեմատ նվազելով 3.1%-ով

Վերջին տարիներին Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը, աճը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի և մրգի պահածոների արտադրության ծավալների աճով:

Միաժամանակ, ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից,  որոշ պահածոների՝  ձկան, մսաբուծական, խեցգետնի, տոմատի արտադրության ծավալները նվազել են:
Ըստ վիճակագրության՝ նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է  23 հազար 654.3 տոննա պահածո՝ 2017 թվականի համեմատ աճելով 23.6%-ով:

Մասնավորապես, 2018 թ-ին արտադրվել է 12 հազար 927.6 տոննա բանջարեղենի պահածո` 2017թ-ին գրանցված 9 հազար 513.4 տոննայի դիմաց (35.9%-ի աճ)։

Արտադրված պահածոներից 7 հազար  677.1 տոննան էլ կազմել են մրգի պահածոները՝ 2017թ-ի համեմատ աճելով 40.3 տոկոսով:

Ըստ վիճակագրության՝ 2018 թ-ին ձկան պահածոների արտադրությունը նվազել է 14.4%-ով՝ կազմելով 256.6 տոննա, խեցգետնի պահածոների արտադրությունը՝ 27.3%-ով  (12 տոննա), մսաբուսականը՝ 38.9%-ով  (433.2 տոննա),  մսինը՝  0.7% (397.9 տոննա):

Ինչ վերաբերում է տոմատի արտադրությանը, ապա այն նվազել է 28.4%-ով՝ կազմելով 1 949.9 տոննա, իսկ 2017 թ-ին Հայաստանում արտադրվել է 2 721.6 տոննա տոմատ: 2018 թ-ին արտադրվել է նաև 582.7 տոննա կետչուպ՝ 2017 թ-ի համեմատ նվազելով 3.1%-ով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում մասնագետները, արտադրողները նշել էին տոմատի մածուկի արտադրության ծավալների անկման պատճառները: Դրանցից են՝ լոլիկի ցանքատարածությունների կրճատումը,  ջրի սակավությունը, նախորդ տարում  Հայաստանում գրանցված բարձր ջերմաստիճանը,  ինչի հետևանքով շուկայում  դիտվեց լոլիկի գնի բարձրացում:

Արդյունքում, վերամշակող ձեռնարկությունները ստիպված էին անհամեմատ ավելի բարձր գնով լոլիկ մթերել և քիչ քանակությամբ տոմատ արտադրել: