Արցախի թուլացումն անպայման ազդելու է հայոց պետականության վրա

Մեր տեսլականը չի փոխվել՝ չի կարող լինել վերադարձ անցյալին` սահմանների կամ կարգավիճակի առումով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում նշվում է այն մասին, որ միջնորդներն առաջին հերթին ձգտում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանել։ Այս մասին facebook-ի ուղիղ տեսակապով հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքերով, համանախագահները հասկանում են, որ վաղաժամ է խոսել վերջնական կարգավորման մասին, քանի որ այն հնարավոր է միայն բանակցություններում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության դեպքում։ Առայժմ դա նշանակում է, որ շեշտը դրվում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման վրա։

«Մեր տեսլականը չի փոխվել՝ չի կարող լինել վերադարձ անցյալին` սահմանների կամ կարգավիճակի առումով։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախության, մեր անկախ պետության, ազատ, հայոց հայրենիք կերտելու համար։ Արցախի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը երկու պետություն են, բայց մեկ հայրենիք։ Թուլացումն այստեղ, անպայման ազդելու է հայոց պետականության վրա»,- ասել է Դավիթ Բաբայանը։