Թրամփը դստեր հիմնադրամի համար Կոնգրեսից 100 մլն դոլար կխնդրի

Իվանկա Թրամփը 2017թ.-ին հոր վարչակազմին միանալուց ի վեր զբաղվում է կանանց խնդիրներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020թ.-ի բյուջեի առաջարկի մեջ իր դստեր՝ Իվանկա Թրամփի կողմից ղեկավարվող կանանց համաշխարհային հիմնադրամի համար 100 մլն դոլար կներառի, գրում է Daily Mail-ը: Խոսքը Կանանց զարգացման և բարգավաճման համաշխարհային նախաձեռնության մասին է, որը մեկնարկել է անցած ամիս:

Սպիտակ տնից հայտնել են, որ բյուջեի առաջարկը կներկայացվի հաջորդ երկուշաբթի:

Թրամփի դուստրը պարզաբանել է, որ նախաձեռնության նպատակը մինչև 2025թ. զարգացող երկրներում շուրջ 50 մլն կանանց տնտեսապես օգնելն է:

Նախաձեռնության մեջ ներգրավված են ԱՄՆ պետքարտուղարությունը, Ազգային անվտանգության խորհուրդը և այլ հաստատություններ: Ծրագրի շրջանակում կանանց աշխատանքային պատրաստության, ֆինանսական և իրավական ոլորտներում աջակցություն կտրամադրվի:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արդեն 50 մլն դոլար է տրամադրել հիմնադրամին: Դրան կաջակցեն նաև մի շարք կառավարական ծրագրեր, ինչպես նաև անհատ ներդրողներ:

Պարբերականը նշում է, որ Իվանկա Թրամփը 2017թ.-ին հոր վարչակազմին միանալուց ի վեր զբաղվում է կանանց խնդիրներով: