Մահացել է Վլադիմիր Էտուշը

Արտիստին հրաժեշտ կարող են տալ թատրոնում

97 տարեկանում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Վախթանգովի անվան թատրոնի մամուլի քարտուղարին։

Մահվան պատճառներն առայժմ հայտնի չեն։ Թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկի խոսքով Էտուշը մահացել է հիվանդանոցում։

Արտիստին հրաժեշտ կարող են տալ թատրոնում, բայց օրն ու ժամը հայտնի կլինեն ավելի ուշ, ավելացրել է Կրոկը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ  դերասանը մի քանի անգամ հայտնվել է հիվանդանոցում վատ ինքնազգացողության պատճառով։ Վերջին անգամ նա վատ է զգացել հունվարի վերջին, ներկայացումից առաջ։ Արդյունքում՝ Վախթանգովի թատրոնը ստիպված է եղել հանել խաղացանկից «Բենեֆիս» ներկայացումը։

եբգռտֆթփ

Վլադիմիր Էտուշը ծնվել է 1922 թվականին Մոսկվայում։ Դեռ դպրոցում սկսել է խաղալ ինքնագործունեության խմբակում, բայց ԳԻՏԻՍ ընդունվել նրան չի հաջողվել։ Սակայն 1940-ին նրան ընդունել են որպես ազատ ունկնդիր Շչուկինյան ուսումնարանի առաջին կուրսում։

Պատերազմի սկզբին Էտուշը որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Հրաձգային գնդի կազմում կռվել է Կաբարդայի եւ Օսիայի լեռներում, մասնակցել Դոնի Ռոստովի եւ Ուկրաինայի ազատագրմանը։ Պարգեւատրվել է Կարմիր աստղի շքանշանով եւ մեդալներով։

1943-ին ծանր վիրավորվել է եւ վերադարձել Շչուկինյան ուսումնարան, որն ավարտել է 1945-ին։ Նրան անմիջապես ընդունել են Եվգենի Վախթանգովի անվան թատրոն։ Այս բեմում Էտուշն աշխատել է ամբողջ կյանքը՝ ավելի քան յոթանասուն տարի։