ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոթորիկ ու քաոտիկ շարժում անվանեծ նախօրեին տարածված լուրը, թե ՔՊ-ականները մտադիր են բարձրացնել իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:
«Դա չի համապատասխանում իրականությանը»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Խմբակցությունում քննարկվում են տարաբնույթ, շատ սուր հարցեր, բայց կոնկրետ այս լուրի հետ կապված քննարկում ֆրակցիայում տեղի չի ունեցել: Եղել է հանդիպում վարչապետի հետ, եւ օրը հերիք չարեց ներքին խնդիրներին վերաբերող մտահոգությունները քննարկելու համար, քանի որ քննարկվում էին արտաքին քաղաքական հարցեր: Պայմանավորվել ենք, որ ժամանակ կգտնվի հաջորդիվ այդ հարցին մոտենալու: Նպատակ կար, որ պետք է երկուշաբթի դա լիներ, բայց մեր հանձնաժողովի փակ քննարկումները սովորաբար ձգվում են մինչեւ ժամը 9-ը: Շահարկումներ եղան, թե ինչու է ձգվում այդ նիստը, բայց ձգվելու հարց չկար: Եթե նման բան լիներ ընդդիմությունը մինչեւ ժամը 9-ը չէր մնա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով նրան, որ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ հայտնի լսումների ժամանակ գլխավոր դատախազը նախագահությունում էր նստած, մինչդեռ մյուսները շարքերում էին, նա ասաց. «Այդ հարցը շահարկվեց: Անվտանգության խորհրդի անդամներ կան, որ ներքեւում էին: Երբ ես մի առիթով հարցրեցի՝ ի՞նչ դժգոհություններ կան, ԱԽ անդամները, որ ներքեւում էին, ասացին՝ իսկ մեզ հարցրե՞լ են, մենք դժգո՞հ ենք, թե ոչ: Իրականում ոչ մի դժգոհություն չկար:
Ես բացատրել եմ, թե ինչու էր դատախազը վերեւում, որովհետեւ նախ կին է, երկրորդը՝ սահմանադրական մարմնի ղեկավար է, երրորդը՝ բոլոր ուժայինների վերահսկողությունն իրականացնող մարմնի ղեկավարն է: Եթե ինքը վերեւում չլիներ, ես ամեն անգամ պետք է իջնեի ներքեւ, հարցնեի՝ տիկին դատախազ, այս թիվը ճիշտ ասացի՞ն»:
Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազրյանն ասել է, որ ամեն դեպքում, ինչ-որ դժգոհություններ կան, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Խմբակցության նիստը կլինի, կիմանանք»:
Նա չբացառեց, որ իր թիկունքում ինչ-որ քննարկումներ եղել են. «Շատ հնարավոր է, ինչի ձեր թիկունքում քննարկումներ չեն լինո՞ւմ: Թող քննարկեն, երբ որ ինձ տեղյակ կպահեն, ես էլ, եթե ունեմ արձագանքելու հնարավորություն՝ կարձագանքեմ: Ձեզնից գաղտնիք չի մնա»,- ընդգծեց նա:
0Comments