Ազատավանում՝ մեքենայի մեջ, փորձել են երիտասարդ աղջկա բռնաբարել

Աղջիկն իր մոտ գտնվող դանակով հարվածել է նրան և, իջնելով ավտոմեքենայից, դեպքի վայրից հեռացել է

Երեւանի երիտասարդ բնակչուհին սեռական բռնության է ենթարկվել Արարատում։

Նախնական քննության տվյալներով՝ 22-ամյա աղջիկը 2018թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ծանոթի հետ՝ նրա վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, Մասիս քաղաքից Երևան է ուղեւորվել, որի ժամանակ էլ վերջինս փորձել է առիթից օգտվել ու բռնանալ։ Մասնավորապես՝ քաղաք գնալու համար հետադարձ կատարելու պատճառաբանությամբ մեքենան վարել է Արտաշատ քաղաք, որտեղ շեղվել է Արտաշատ-Երևան մայրուղուց, թեքվել դեպի՝ Ազատավան գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհ, մոտ 100 մետր հեռացել մայրուղուց։ Ապա՝ կանգնեցնելով ավտոմեքենան՝ առջևի նստատեղին նստած աղջկա նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքից ամուր բռնելով և քաշելով, նրա կամքին հակառակ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել վերջինիս հետ՝ ասելով «Քեզ եմ ուզում, ինչ ուզեմ կանես», սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Աղջիկն իր մոտ գտնվող դանակով հարվածել է նրան և, իջնելով ավտոմեքենայից, դեպքի վայրից հեռացել է:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։