Էրդողանը հնարավոր է համարել Ս-500 համալիրների գնումը

Ամեն ինչ քննարկվել է, համաձայնեցվել՝ վարկային պայմաններից մինչեւ համատեղ արտադրություն, ստորագրությունները դրված են, չի կարող լինել հետքայլ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի հետ Ս-500 հրթիռային համալիրների գնման գործարք կկնքի: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրք առաջնորդը նաև նշել է, որ Ս-400-ի գործարքն ավարտված է, ու չի կարող հետքայլ լինել:

«Ամեն ինչ քննարկվել է, համաձայնեցվել՝ վարկային պայմաններից մինչեւ համատեղ արտադրություն, ստորագրությունները դրված են, չի կարող լինել հետքայլ: Դա անբարոյական կլինի… Հուսով եմ, որ հուլիսին կստանանք Ս-400-ի առաջին խմբաքանակը»,- 24 TV-ի եթերում ասել է Էրդողանը:

ԱՄՆ Պետքարտուղարությունը նախօրեին կրկին հայտարարել էր, որ Թուքիայի կողմից Ս-400-ի գնումը կարող է հանգեցնել նրան առաջավոր տեխնոլոգիաների տրամադրման մերժման, ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին նրա մասնակցության կասեցման եւ պատժամիջոցների:

Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ի գնումը Թուրքիան քննարկել է դեռեւս Բարաք Օբամայի հետ:

«Հարգարժան Թրամփի հետ եւս քննարկել ենք: Մենք նրանց ասել ենք՝ եթե կարող եք տալ, տվեք: Համատեղ արտադրությունը, տեխնոլոգիաների փոխանցումը անխախտելի պայմաններ են: Այլապես ստացվում է. «Մենք քեզ տալիս ենք, բայց բանալին մեզ մոտ կլինի»: Ներողություն եմ խնդրում, բայց այդպես չի լինում»,- հավելել է Էրդողանը:

2017 թվականին Թուրքիային ռուսական Ս-400 ԶՀՀ-ի մատակարարման պայմանագրի կնքումը դարձել էր Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական բանավեճերի պատճառ, որն իր թուրք դաշնակիցներից պահանջում է ռուսական համալիրներից հրաժարվել ամերիկյան Patriot ԶՀՀ-ի օգտին: