Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր՝ մարտի 6-ին, առանձին–առանձին հանդիպել է Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանի եւ Վահե Էնֆիաջյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարեւորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից:
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացման կարեւորությունը:
Վահե Էնֆիաջյանը դեսպանի հետ հանդիպմանը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունն ու միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել երկկողմ կապերի առավել զարգացմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հայ-ռուսական բազմոլորտ օրակարգի շրջանակում քննարկումները՝ հաճախակի դարձնելով հանդիպումները:
Նշենք, որ ավելի վաղ դեսպանը հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
0Comments