Հիմա էլ հարկային օրենսգիրքն է խանգարում, որ տնտեսությունը զարգանա

Ամենախոշոր ներդրումային ծրագրի մասին երեկ հայտարարվեց, խոսքը ՋԷԿ-ի կառուցման մասին է

Արդեն 2 ամիս է՝ ունենք նոր խորհրդարան, այն արդեն հունի մեջ է ընկել եւ աշխատում է, բայց տնտեսությունում դրական տեղաշարժեր չկան, ներդրումների հոսքը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, չկա։

Նա սկզբում ասում էր՝ մինչեւ կառավարությունը չձեւավորվի, տնտեսությունը, երկիրը չի զարգանա, հետո կառավարությունն էլ ձեւավորվեց, նորից ժողովրդին սպասման մեջ դրեց՝ մինչեւ ընտրություններ չլինեն, ու նոր խորհրդարանը չձեւավորվի, երկրում ներդրումներ չեն լինի։ 
Նոր խորհրդարանն արդեն երկու ամիս է՝ կա, իսկ ո՞ւր են ներդրումները՝ հարցրինք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։ «Խորհրդարանի ձեւավորումը ներդրումներին խանգարող պատճառներից էր, բայց ոչ միայն պատճառներից էր։ Մենք էսօր որոշակիության խնդիր ունենք, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի հետ կապված ու մնացած կարգավորումների առումով, եւ կարծում եմ, որ մինչեւ խաղի կանոնները լրիվ չհաստականան, ներդրումային սպասումներն ամբողջությամբ իրականություն չեն դառնա»,- ասաց պարոն Թունյանը։ 

- Այնպիսի տպավորություն է, որ անընդհատ սպասման մեջ եք պահում ժողովրդին, այն ժամանակ ասում էիք՝ իշխանափոխություն լինի, լավ կլինի, հետո՝ կառավարությունը ձեւավորվի, լավ կլինի, հետո՝ մինչեւ խորհրդարանը չձեւավորվի, ներդրումներ չեն լինի, հիմա էլ Հարկային օրենսգրքին ենք սպասում։ Դրանից հետո՞ ինչին ենք սպասելու։

- Լավ, իսկ որ ասում եք՝ ներդրումներ չեն գալիս կամ գալիս են, ինչ-որ թվային տվյալներ Դուք ունե՞ք, որ չեն գալիս։

- Դրա համար հարցնում եմ՝ Դուք ի՞նչ թվային տվյալ ունեք ներդրումների մասով։

- Չունեմ առայժմ, էս ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածին վերաբերող ներդրումային վիճակագրությանը ծանոթ չեմ, որովհետեւ դեռ չի հրապարակվել։ Եթե ուզում եք ավելի առարկայական խոսենք, սպասեք, թող տվյալները հրապարակվեն, նոր դրա հիման վրա արդեն կասենք՝ դինամիկան ինչպիսին է։ Հիմա էս պահին զուտ սուբյեկտիվ դատողություններ կարող եմ անել։ Այո, իմ կարծիքով էլ ակտիվությունն այնպիսին չէ, ինչպիսին որ կցանկանայի լիներ։ Բայց նաեւ դրա պատճառներն ինձ համար որոշակի են։

- Օբյեկտի՞վ են այդ պատճառները։

- Հիմնականում օբյեկտիվ են։ Էլի եմ ասում՝ նախ ազդեցությունը միանգամից չի զգացվում, եթե ասում են՝ ներդրումներ կլինեն, դա չի նշանակում, որ անմիջապես ընտրություններից մեկ շաբաթ հետո պետք է ներդրումները գան։ Երկրորդը․ մենք ունենք բիզնես միջավայրի կարգավորումները հստակեցնելու խնդիր։ Ամենապարզ ու ամենակարեւոր բանն ասեմ․ դա, նորից եմ կրկնում, Հարկային օրենսգիրքն է։ Մինչեւ դա չընդունվի․․․

- Ե՞րբ կընդունվի, ե՞րբ կգա նախագիծը խորհրդարան։

- Հարկային օրենսգիրքը ենթադրվում է, որ առաջիկա շաբաթվա կամ տասն օրերի ընթացքում կառավարության նիստում կհաստատվի, որից հետո կգա Ազգային ժողով։

- Բացի նեղ թվային ցուցանիշներից՝ այս ամիսների ընթացքում, ամեն դեպքում, եթե որեւէ խոշոր ներդրումային ծրագիր լիներ, այդ մասին, կարծում եմ, կիմանայինք․․․

- Ամենախոշոր ներդրումային ծրագրի մասին երեկ հայտարարվեց, խոսքը ՋԷԿ-ի կառուցման մասին է, երկար ժամանակ էդ մասին խոսվում էր, բայց վերջնական համաձայնագիրը երեկ է ստորագրվել։ 250 մլն դոլար ներդրման մասին է խոսքը։ Դրա նման խոշոր ծրագիր վերջին տարիներին դժվար է գտնել։

- Այո, բայց դա էլ նախորդ իշխանություններին է վերագրվում, Սերժ Սարգսյանի օրոք ցրցամ տված ծրագիր է։

- Հա, որեւէ մեկը չի հերքում, որ նախորդ իշխանությունների օրոք էր, բայց եթե մենք խոսում ենք ներդրումների մասին, ապա մարդ երբ որոշում է ներդրում կատարել, ու մինչեւ այն պահը, երբ առաջին գումարը ներդնում է, դա բավականին երկար ժամանակահատված է։ Ու կարող ենք ասել, որ ներդրումային ծրագրերի մեծ մասի որոշումների հիմքը կայացվել է նախորդ իշխանությունների օրոք։ Բայց, միեւնույն ժամանակ, էս ընթացքում կարող է մեկնարկ է տրվել ինչ-որ նախագծերի, որոնց վերջնական արդյունքը Դուք կիմանաք հետագայում։

- Իսկ կա՞ն այդպիսի ծրագրեր, որոնց մեկնարկը հիմա է տրվել։

- Չէ, էդ մեկնարկի մասին ես հիմա հստակ Ձեզ տվյալներ չեմ կարող ասել, բայց եթե, ասենք, Դուք ցանկություն ունենաք, ինքներդ կարող եք գործարարների շրջանում հաջողված պրոյեկտներ գտնել։ Եթե էդ պրոյեկտը գա հասնի որոշակի մակարդակի, որ դրա մասին հնարավոր լինի խոսել, դրա մասին կխոսվի, հրապարակային կդառնա։

Զրուցեցինք նաեւ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հետ։ Վերջինս նորից շեշտը դրեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունման վրա, որ պետք է շտապել ընդունել այդ նախագիծը, բայց, չգիտես ինչու, ուշանում է։ Այդ մասին նա նաեւ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ամբիոնից։ «Պատկերացրեք՝ ներդրողը սպասում է, որ խաղի կանոններ պիտի սահմանվեն, ինքը չգիտի՝ ինչ է փոխվելու, այսինքն՝ հիմա ներդրում չի անի, չէ՞, կամ քիչ կանի, որ ռիսկերը կառավարի»,- ասաց Մելքումյանը։ Նա նաեւ նշեց, որ Հարկային օրենսգրքի մասով նամակ է գրել ե՛ւ ֆինանսների նախարարին, ե՛ւ ՊԵԿ նախագահին, հիմա սպասում է պատասխանի, թե ինչու է ուշանում ՀՕ փոփոխությունների նախագծի քննարկումը։

Նյութի ղբյուր՝ hraparak.am