ԿԱՐԵՎՈՐ․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

Մանրամասներ
Իրան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարություններ է արել, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում։

Առաջին հայտարարություն

«Իրանի առջև բարդ խնդիր է դրված՝ խուսափել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն առնչվող թակարդից և դիմակայել իր հարևանների՝ պատմական սահմանները փոխելու փորձերին։ Քանի որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի հարավում ակտիվորեն առաջ են մղում միջանցքի նախագիծը, Իրանը պետք է ամուր դիրքորոշվի՝ պաշտպանելու համար իր ազգային շահերը և աշխարհառազմավարական դիրքը:

Իրանի արտաքին գործերի նոր նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին կանգնած է իր կարիերայի ամենադժվար առաքելություններից մեկի առջև: Նա ստիպված է լինելու ոչ միայն պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, այլև ապահովել Հայաստանի հետ սահմանների բաց մնալը, ինչը կենսական նշանակություն ունի Իրանի համար։ Միաժամանակ, Արաղչին պետք է գործի այնպես, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Բաքվի հետ չխաթարի Իրանի բարեկամական հարաբերությունները։

Իսլամական հեղափոխության առաջնորդը հստակ արտահայտել է իր դիրքորոշումն ընդդեմ՝ բնույթով հակաիրանական «Թուրանի միջանցք»-ի նախագծի։ Իրանի ղեկավարությունը հասկացրել է, որ տարածաշրջանի պատմական սահմանները փոխելու ցանկացած փորձ համարվելու է իր ազգային անվտանգության սպառնալիք: Ռուսաստանի իշխանությունների վերջին հայտարարությունների և Բաքվի և Անկարայի ջանքերի ավելացման լույսի ներքո, Իրանի ԱԳՆ-ն այս ծրագրի իրագործումը կանխելու համար պետք է գործի վճռական և ռազմավարական կերպով:

Այսպիսով, Զանգեզուրի միջանցքի ապագան որոշվելու է Իրանի դիվանագիտական ​​ջանքերով և միջազգային ասպարեզում իր շահերը պաշտպանելու կարողությամբ: Այս դժվարին պահին Իրանը պետք է հաստատակամություն և հեռատեսություն ցուցաբերի՝ կանխելու համար տարածաշրջանում իր դիրքերը թուլացնելու ունակ փոփոխությունները»:

Երկրորդ հայտարարություն

«Կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք հակասում են այլ երկրների շահերին, այս տարածաշրջանում կայուն խաղաղության համար խոչընդոտներ կստեղծեն: Իրանը Զանգեզուրի միջանցքի ստեղծման դեմ հետևողականորեն պահպանել է իր դիրքորոշումը։ Իրանի իրավական ու պատմական սահմաններն անառիկ են, և ոչ ոք դրանք խախտելու իրավունք չունի։ Այս միջանցքի ստեղծումը կարող է իրագործվել միայն Իրանի համաձայնությամբ և պայմանով, որ լիովին հարգվի Իրանի օրինական սահմանների անձեռնմխելիությունը»։

Երրորդ հայտարարություն

«Վերջին շաբաթներին կրկին վեճեր են բորբոքվել Զանգեզուրի միջանցքի ստեղծման շուրջ, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են կառուցել Հայաստանի հարավով՝ Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապելու նպատակով։ Ծրագիրը հատկապես մտահոգում է Իրանին, քանի որ այն սպառնում է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տանող միակ ցամաքային ճանապարհին:

Այաթոլլահ Խամենեին իր դիրքորոշումն այս հարցում հստակ արտահայտել է 2021 թվականին՝ հայտարարելով, որ Իրանը թույլ չի տա իր աշխարհաքաղաքական շահերին և Կովկասի կայունությանը տարածաշրջանում սպառնացող սահմանների փոփոխություններ։ Նրա խոսքերը հնչեցին որպես նախազգուշացում Թուրքիային, Ադրբեջանին և նրանց դաշնակիցներին, որ տարածաշրջանում ցանկացած անհավասարակշռություն կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որպես Իրանի առանցքային ուժերից մեկը, այդ ժամանակվանից ուժեղացրել է իր ներկայությունը հյուսիսարևմտյան սահմաններում՝ զորավարժություններ անցկացնելով և ցուցադրելով երկրի ազգային շահերը պաշտպանելու իր պատրաստակամությունը: Իրանի համար այս նախագիծը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ սպառնալիք իր ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ Բացի դրանից, Իրանը մտահոգված է Զանգեզուրի միջանցքի ստեղծման գաղափարին աջակցող ռուսաստանցի որոշ պաշտոնյաների վերջին հայտարարություններով։ Չնայած Ռուսաստանի հետ իր ռազմավարական գործընկերությանը, Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ Իրանի տարածքային ամբողջականության և սահմանների պահպանումը առաջնահերթություն է մնում:

Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին։ Քանի որ Ուկրաինայի հետ պատերազմը շարունակում է զգալի ռեսուրսներ խլել Մոսկվայից, Իրանը հիշեցրել է Ռուսաստանին, որ իրենց երկկողմ հարաբերությունները չպետք է հիմնված լինեն միակողմանի շահերի վրա: «Եզրափակելով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և այաթոլլահ Խամենեին հաստատակամ են իրենց դիրքորոշման մեջմ, և տարածաշրջանում ցանկացած միջամտություն, լինի դա Թուրքիայից, Ադրբեջանից կամ Ռուսաստանից, դիվանագիտական ​​և ռազմական մակարդակներում կբախվի Իրանի վճռական դիմադրությանը»:

Չորրորդ հայտարարություն

«Իրանի Իսլամական Հանրապետությունը շեշտում և հստակ հայտարարում է, որ սահմաններին ինչպես աշխարհաքաղաքական կայունության, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության գործոն է, և՛ ազգային շահերի երաշխավորը։ Թեհրանն այս սկզբունքները դիտարկում է ոչ միայն որպես դիվանագիտական ​​նրբություններ, այլ որպես «բոլոր» երկրների հետ հարաբերությունների կենտրոնական առանցք։ Գիտակցելով հանդերձ Զանգեզուրի շուրջ «խաղի» մասնակիցների դրդապատճառները՝ Իրանը իր սկզբունքներից չի շեղվի»։