Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզում գրանցված երկրաշարժը համարվում է թույլ երկրաշարժ և որևէ ազդեցություն չունի սպասվելիք հնարավոր ուժգին երկրաշարժերի վրա: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիթորինգի միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզ. Մաթ գիտությունների դոկտոր Սամվել Հակոբյանը:
Գիտնականի խոսքով՝ երկրաշարժերն առաջանում են շատ ավելի մեծ երկրաբանական ծավալներում, քան իրենց ազդեցության օջախային գոտին։
«Մենք մշտապես մոնիթորինգ ենք իրականացնում, որի արդյունքում կարող ենք ասել, թե տվյալ պահին որտեղ է հասունանում երկրաշարժը: Մենք արդեն բացահայտել ենք սեյսմիկ համակարգերի հիերարխիաներ, աշխարհի գրեթե բոլոր սեյսմիկ ակտիվ տեկտոնական գոտիներում։ Սեյսմիկ համակարգերի (ՍՀ) մոնիթորինգի միջոցով մենք կարող ենք ասել, թե ինչպիսին է սեյսմիկ իրավիճակը, ի՞նչ ուժգնության երկրաշարժի վտանգ կարող է լինել և այլն: Մեր ստեղծած համակարգը նման է GPS-ին, որի միջոցով հնարավոր է հետևել, թե տվյալ պահին վտանգը որտեղ է լոկալիզացված ՍՀ-ում և ինչպես է տեղաշարժվում»,-ասաց նա:
Հակոբյանի խոսքով՝ ամենավտանգավորը այն երկրաշարժերն են, որոնք նախապատրաստվում են Հայաստանի սահմանամերձ գոտում:
«Հայաստանում և Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժերի ընդհանուր ակտիվությունը բնորոշվում է Արաբական սալի դեպի հյուսիս հարաբերական շարժման հետևանքով: Արաբական սալի շարժման լարվածությունն իր վրա կրում է Տրանս–Կովկաս գոտին, որի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանի երկրաշարժավտանգ գոտիներում: Ներկայում երկրաշարժերի լարվածությունները կուտակվում են Հայաստան-Վրաստան սահմանին՝ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի ուղղությամբ՝ դեպի արևելք, որտեղ երկրաշարժերը կարող են լինել ամենաուժեղը 6,5-6,6 մագնիտուտի, իսկ մի քանի տարուց լարվածությունը կարող է հասնել Արցախի հյուսիսային հատվածներ:
Տարածաշրջանում լարվածություններն արդեն տեղաբաշխվում են դեպի Թուրքիա՝ ընդգրկելով Անատոլիական միկրոսալը. այնտեղ ավելի ուժեղ երկրաշարժեր կարող են գրանցվել՝ 7 բալից բարձր»,-ասաց սեյսմոլոգը:
Գիտնականի խոսքով՝ իրականում իրավաճակը շատ արագ կարող է փոխվել, իսկ մոնիթորինգի միջոցով հնարավոր է հետևել, թե ինչպես են ժամանակի ընթացքում երկրաշարժերի լարվածությունները տեղաբաշխվում:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:
0Comments