Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն թեժացրել է X սոցկայքի սեփականատեր Իլոն Մասկի հետ ունեցած լարվածությունը՝ 10 օրով արգելափակելով սոցկայքի հասանելիությունը երկրում՝ վիճելի նախագահական ընտրությունների շուրջ բուռն աղմուկի պատճառով, գրում է Reuters-ը:
Մադուրոն ասել է, որ ստորագրել է կարգավորիչ Conatel-ի կողմից ներկայացված բանաձևը, ըստ որի՝ «X սոցիալական ցանցը 10 օրով շրջանառությունից հանվում է»: Բացի այդ, Վենեսուելայի նախագահը Մասկին մեղադրել է ատելություն, քաղաքացիական պատերազմ և մահ հրահրելու համար։
«X հեռացի՛ր Վենեսուելայից 10 օրով», - ասել է Մադուրոն պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում։
Սրան ի պատասխան ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կատակել է, որ տիեզերական լազեր կօգտագործի՝ Վենեսուելայի նախագահի դեմ այն բանից հետո, երբ նա որոշել է արգելափակել X սոցիալական ցանցը։
«Մենք տիեզերքից կխանձենք նրա բեղերը», - X-ի իր էջում կատակել է Մասկը։
Հիշեցնենք, որ օրերս Մադուրոն հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները և ամերիկացի գործարար Իլոն Մասկը կանգնած են Վենեսուելայում պետական հեղաշրջման անհաջող փորձի հետևում:
«Սա պետական հեղաշրջում է, որը գլխավորում են Միացյալ Նահանգները, աջակողմյան ֆաշիստները, ինչպիսիք են Իլոն Մասկն ու Միլեյը (Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը - խմբ․)», - ասել էր Մադուրոն:
Հուլիսի 28-ին Վենեսուելայում կայացած ընտրությունների արդյունքներով երկրի Ազգային ընտրական խորհուրդը արձանագրել է Մադուրոյի հաղթանակը՝ ձայների 51,95 տոկոսով: Նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսը, ըստ խորհրդի, ստացել է ձայների 43,18 տոկոսը: Գոնսալեսի թիմը չի ընդունել ընտրության արդյունքները: Մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, չեն ճանաչել ընտրությունների հայտարարված արդյունքները: Վենեսուելայում ընտրությունից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում, ձերբակալվել է ավելի քան 1200 ցուցարար, զոհվել են մարդիկ:
0Comments