Կուրսկում տեղի ունեցածում Ուկրաինական ստորաբաժանումները գործիքն են, ոչ թե գործոնը․ Հակոբ Բադալյան

Մանրամասներ
հակոբ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Պուտինի «ցավացող» Կուրսկը

Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսի 7-ց սկսած արտառոց իրավիճակ է: Արդեն գործնականում բոլոր ընթերցողներին է հայտնի, որ Կուրսկի մարզում տեղի է ունեցել ՌԴ սահմանի ճեղքում և ուկրաինական զինուժի ստորաբաժանումները ՌԴ տարածքում շարժվել են մի քանի կմ առաջ, գրավել բնակավայրեր և կարևոր նշանակության օբյեկտներ, մասնավորապես Սուջայի գազաբաշխիչ կայանը, որը գլխավոր կետն է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ճանապարհին:

Ինչպիսին է իրավիճակը Կուրսկի մարզում, շատ բարդ է թերևս ստույգ պատկերացնել, քանի որ դրա շուրջ բնականաբար ընթանում է պրոպագանդիստական պատերազմ:

Բայց, կասկածից վեր է, որ իրավիճակը շատ բարդ է: Ինչի՞ հետևանք է այն, սա առանձին քննարկման հարց է՝ ձախողվել է ՌԴ արտաքի՞ն հետախուզությունը, թե՞ բանակի հետախուզությունը՝ այսպես ասած ԳՈՒՌ-ը: Սա իհարկե ռուսների պարզելիք հարցն է:

Այստեղ նկատենք մի խորհրդանշական պատկեր: 24 տարի առաջ այս օրերին՝ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Պուտինը դարձյալ Կուրսկի «ցավի» առաջ էր:

2000 թվականի օգոստոսի 12-ին տեղի ունեցավ Կուրսկ միջուկային սուզանավի վթարը, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 100 հոգանոց անձնակազմը: Կուրսկի աղետի առնչությամբ եղան տարբեր վարկածներ, որոնց մի մասը բնականաբար դարձյալ քարոզչական նկատառումներով՝ թե իշխանության, թե դրա ընդդիմախոսների հաշվարկներով:

Ինչ կատարվեց Կուրսկի հետ 24 տարի առաջ, դա պարզապես աղետ էր, որը ինչ որ սխալի կամ անսարքությա՞ն հետևանք էր, թե՞ դա այլ բան էր, որի մանրամասները բնականաբար չենք իմանա երբեք: Հիշարժան է այդ իմաստով Պուտինի հետ Լարի Քինգի հարցազրույցի հայտնի դրվագը, երբ Քինգը հարցնում է մի քանի ամիս նախագահի պաշտոնում գտնվող Պուտինին՝ «ի՞նչ կատարվեց ձեր սուզաննավ Կուրսկի հետ», ինչին Պուտինը պատասխանում է քմծիծաղով՝ «она утонула»:

Բավականին սկանդալային ու խորհրդանշական դրվագ, որը իհարկե նաև գուցե պայմանավորված էր հարցի զգայունությամբ և դրանից բխող ներքին մեծ նյարդայնությամբ:

Հիմա, ի՞նչ կատարվեց Կուրսկի մարզում: Դրա մի ավելի խորը ու լայն մոտիվի արդեն անդրադարձել եմ: Չգիտես ինչու կարծում եմ՝ բացարձակապես չնսեմացնելով ուկրաինական զինուժի ստորաբաժանումների կարողությունները, որ Կուրսկում տեղի ունեցածում Ուկրաինական ստորաբաժանումները գործիքն են, ոչ թե գործոնը:

Գործոնները թե «ներռուսաստանյան» տիրույթում են, ինչի մասին կարծիքս հայտնել եմ ավելի վաղ, թե ԱՄՆ-Ռուսաստան տիրույթում: Ընդ որում, այդ երկու տիրույթներն ըստ իս նաև «հաղորրդակից անոթներ» են»: