«Հիմա բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ մինչև նոյեմբեր որևէ պայմանագիր ստորագրվի. Նախապես նշեմ, որ դա չի լինելու խաղաղության պայմանագիր, լինելու է միջանկյալ պայմանագիր, որտեղ նշված կլինեն ապագա պայմանագրի հիմնական սկզբունքները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Ալիևը շահագրգռված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց դա պետք է ԱՄՆ-ին:
Նրա խոսքով՝ միջանկյալ պայմանագրով երկու կողմերը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, խոստանում են, որ իրենց քաղաքականությունը կվարեն՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ուժի սպառնալիք տեղի չի ունենա, ցույց կտան, որ ունեն բարի կամք՝ շարունակել բանակցությունները, և այլն:
«Բոլորն ապրում են տագնապային իրավիճակում. խոսքը միայն Մերձավոր Արևելքի մասին չէ, այլև՝ մեր տարածաշրջանի, որովհետև իրադարձություններն արագ են զարգանում, որոշում կայացնելու գործընթացը շատ կարճ է: Կարող է անհրաժեշտություն լինի՝ որոշում ընդունել մեկ ժամվա ընթացքում: Եթե հնարավորություն չկա հիմա Երևանում արտահերթ անվտանգության խորհրդի նիստ անել կամ հանդիպումներ ունենալ… Տեսնում ենք, որ բոլորը հիմա հեռախոսազրույցներ են ունենում՝ Ֆրանսիայի նախագահը՝ Իրանի նախագահի հետ, Իրանը՝ ԱՄՆ-ի հետ՝ միջնորդների օգնությամբ, Ռուսաստանը, Իրանը, բոլորը կոմունիկացիաների մեջ են: Եթե Հայաստանն այս ընդհանուր իրադարձություններից դուրս է, դա նշանակում է, որ իրադարձությունները կարող են փոխվել մեր հաշվին:
Ես երբեք չեմ բացառել, որ Ադրբեջանը կարող է օգտվել հնարավորությունների պատուհանից, որը կարող է բացվել նոյեմբերից հետո: Եթե Իրանն ավելի ներքաշված լինի, նկատի ունեմ՝ ոչ միայն Իսրայելի դեմ, այլ՝ նաև Սիրիայի տարածքում, Իրաքում, կա շատ մեծ հավանականություն, որ Իրանի հնարավորությունները՝ օպերատիվ արձագանքել մեր տարածաշրջանում, կնվազեն: Մեր գործընկերներն ասում են, որ այն ռեսուրները, որոնք Իրանին հարկավոր են տարածաշրջանում ստատուս-քվո պահելու համար, երբեք այստեղից դուրս չեն գա»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
0Comments