Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին

Հանդիպման ընթացքում խոսվել է 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղեկցությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունն է բերել մարզպետին նշանակման առիթով:

Հանդիպման ընթացքում խոսվել է 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշել է, որ Շիրակի մարզի բնակչությունն իր հավատքի և զորեղ կամքի շնորհիվ կարողացավ ամուր և հաստատուն պահել իր ոգին: Նորին Սրբությունը կարևորությամբ ընդգծել է, որ այսօր պետության կողմից աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Գյումրիին վերադարձվի երբեմնի փառքը: Հայոց Հայրապետը փաստել է, որ Մայր Աթոռը մշտապես իր զորակցությունն է բերել Գյումրիին` տարբեր ծրագրերի միջոցով նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաև մշակութային կյանքի զարգացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ Մայր Աթոռի և թեմի կողմից նախաձեռնված այդ ծրագրերը շարունակական կլինեն:

Անդրադառնալով թեմի հոգևոր կյանքի զորացմանը և հոգևոր դասի ծառայությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ընդգծել է, որ շիրակցիները միշտ առանձնացել են քրիստոնեական հավատի հանդեպ նախանձախնդրությամբ և իրենց եկեղեցասեր նկարագրով:

Իր հերթին նորանշանակ մարզպետը նշել է, թե որպես հայ մարդ և հայ քրիստոնյա պատիվ է համարում գտնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Տիգրան Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրել է Շիրակի մարզի խնդիրները և առկա մարտահրավերները, անդրադարձել մարզի զարգացման հեռանկարներին` այդ գործում կարևորելով նաև համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը ուժ և կարողություն է մաղթել մարզպետին մարզի ժողովրդի բարօր ու շեն կյանքի կերտման գործում: