Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՄԻՊ-ը գրություն կհասցեագրի Ոստիկանություն

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում ցանկացած տեսակի բռնություն կամ ոչ իրավաչափ կամ օրենքով չնախատեսված գործողություն, այդ թվում՝ օրենքով չնախատեսված միջամտություն մարդու իրավունքներին: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ոստիկանության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կհասցեագրի Ոստիկանություն։

Ոստիկանությունից էլ հայտնում են, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ կեսգիշերին մոտ,  մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Նարեկ Մալյանը հայտնել է նաև, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ միջադեպի մյուս մասնակիցները խուլիգանության համար այժմ գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում: