Ռուս զինվորականները «Կալիբր» հրթիռը սխալմամբ գցել են կալմիկական գյուղի վրա

Մանրամասներ
5

Ռուս զինվորականները «Կալիբր» հրթիռը գցել են կալմիկական Սոլյոնոյե գյուղի վրա, տեղեկացրել է Astra-ն՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Հրթիռի ընկնելու տեղում գոյացել է երկու մետր խորությամբ փոս։

Սոլյոնոյե գյուղը 180 կիլոմետր է հեռու Էլիստայից, Ուկրաինայի սահմանից հեռավորությունն ավելի քան 300 կիլոմետր է։ «Կալիբրների» առավելագույն հեռահարությունը ցամաքային թիրախների դեմ գերազանցում է 2,5 հազար կիլոմետրը։ Այդ հրթիռներն օգտագործում է ՌԴ ՌԾՈւ-ն։ Պարբերականի աղբյուրի խոսքով՝ ընկած հրթիռը կարող էր անսարք լինել։

Առաջին դեպքը չէ, երբ ռուսական արկերն ընկնում են ՌԴ շրջաններում։ Ավելի վաղ նման միջադեպեր քանիցս տեղի են ունեցել Բելգորոդի մարզում։ The Insider-ի հաշվարկներով՝ միան 2024թ. չորս ամիսների ընթացքում Բելգորոդի մարզի տարածքում առնվազն 39 անգամ գրանցվել են ռուսական ավիազինամթերքների ընկնելու արտահաստիքային դեպքեր։ Առնվազն երկու անգամ ֆուգասային ավիառումբեր են ընկել Բելգորոդում։

Astra-ի հաշվարկներով՝ այս տարի ռուսական ռազմական ավիացիան Բելգորոդի մարզում, ինչպես նաեւ Ուկրաինայի օկուպացված տարածքներում գցել է մոտ 110 ռումբ։

«Անհնար է հաստատել՝ արդյո՞ք այդ միջադեպերը տեղի են ունենում վատ պրոցեդուրաների պատճառով ինքնաթիռները սպառազինելիս, թե՞ անձնակազմի սխալ գործողություններ են առաքելության կատարման ժամանակ։ Հավանաբար, սա մեկի եւ մյուսի համադրումն է»,- նշել են Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում։ Այստեղ նաեւ հնարավոր են համարել, որ նման դեպքերի հաճախակիացումը կարող է վկայել Ռուսաստանի օդային եւ ցամաքային անձնակազմի հոգնածության եւ նրա անբավարար պատրաստվածության մասին։