Տակավին 1992թ. «Արցախ» թերթի թղթակցի հարցերին պատասխանելով՝ Ինքնապաշտպանության կոմիտեի (ԻՊԿ) նախագահ Սերժ Սարգսյանն ասել է.
«Վիճակը ռազմաճակատում ծանր է, բայց հուսահատվելու հիմք չկա: Ինչ վերաբերում է թշնամուն կանգնեցնելուն, ապա թշնամին արդեն կանգնեցված է: Մեր հողերի ազատագրությանը կհասնենք միայն այդ բանից հետո, երբ բոլորը պարզ հասկանան, որ պատերազմը բոլորի համար է, որ միայն ուրիշների տղաները չեն կռվելու ընդհանուր հայրենիքի համար: Մինչև վերջերս Ղարաբաղի պաշտպանությունը մարդկանց մի խմբի գործ էր միայն: Բայց ռազմական դրություն մտցնելուց հետո, իրավիճակը փոխվել է, և մոտ ժամանակներս մենք կունենանք հաջողություններ»:
Արցախի Հանրապետությունում կանոնավոր բանակի ստեղծման գործում, ինչպես տեսանք, մեծ է եղել Սերժ Սարգսյանի և նրա զինակիցների ավանդը: 1992թ. ամառային ռազմարշավի ժամանակավոր անհաջողություններից համապատասխան հետևություններ կատարելով՝ Ս. Սարգսյանի ղեկավարությամբ կամ ակտիվ մասնակցությամբ մի շարք անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկվել պետական իշխանության ու կառավարման մարմինների, ինչպես նաև ինքնապաշտպանության համակարգի և հրամանատարության կենտրոնացման, ուժերի ու միջոցների համախմբման ուղղությամբ, ինչը տվել է իր դրական արդյունքները:
ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանի հմուտ ղեկավարությամբ ԻՊՈՒ նոր կազմակերպական-հաստիքային կառուցվածքի անցնելուց, այսինքն` բանակային ենթակառույցների, պաշտպանական շրջանների ձևավորման աշխատանքներ ձեռնարկելուց հետո, հնարավորություն է ստեղծվել դիմագրավելու հակառակորդի աշնանային լայնածավալ հարձակումներին, համառ պաշտպանական մարտերում հյուծելու նրա ուժերը և դրանով նախադրյալներ ստեղծելու բռնազավթված բնակավայրերի ազատագրման, ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման համար:
Այդ մասին, փաստորեն ԻՊԿ նախագահի ժամանակին տված հավաստիացումները հիմնավոր էին ու կյանքի կոչվեցին: Դրանք հնչել էին «Արցախ» թերթի թղթակցի «Ինչպե՞ս է ընթանում զորակոչը: Վերջապես կանոնավոր բանակ կունենա՞նք, և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ» հարցին ի պատասխան.
«Կանոնավոր բանակ ունենալու ենք և ունենալու ենք շուտով: Կռվելով՝ միաժամանակ ստեղծում ենք կանոնավոր բանակ: Այսօրվա դրությամբ ունենք հավատարմության երդում տված կանոնավոր գումարտակներ, ստորաբաժանումներ: Արդեն այդ բանակի հոգսերը հոգացող կա: Հենց իրենք՝ զինվորները, զգում են, որ վերջին ժամանակներում Ձեր ասած սնունդը, ծխախոտը կան: Զորակոչը դեռևս բավարար հիմքերի վրա չէ՝ մանավանդ Ստեփանակերտում և Մարտակերտի շրջանում: Բայց Հադրութում և Մարտունիում զգալի գործ կատարվել է:
Մոտ ժամանակներս բոլոր զորատեսակները կմտնեն ռազմական կառուցվածքի մեջ: Նպատակահարմար եմ գտնում ավելացնելու, որ կռվողների ընտանիքների սոցիալական ապահովվածությունը զգալիորեն կլավանա: Զինվորների ընտանիքներին հատկացվում է սննդամթերք, որպեսզի զինվորը համոզված լինի, որ իր կինը, երեխաները սոված չեն: Հարկային տարբերություն կլինի զինվորի և մյուս ընտանիքների, կռվող և չկռվող ընտանիքների միջև: Բազմազան միջոցներ են նախատեսվում, և մոտ օրերս կիրականացվեն:
Մի խոսքով՝ ես համոզված եմ, որ շուտով իրադրությունը հանրապետությունում կփոխվի: Կփոխվի դեպի լավը»:
Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից
0Comments