ՌԴ-ում թիրախներ խփելու թույլտվությունը չի կխորացնի էսկալացիան. ԱՄՆ պետդեպ

Մանրամասներ
ամն

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում հայտնել են, որ ԱՄՆ թույլտվությունը, որպեսզի Ուկրաինան ամերիկյան զենքով խփի Ռուսաստանի տարածքին, չի խորացնի էսկալացիայի մակարդակը պատերազմում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը չի կարծում, որ իր թույլտվությամբ կխորացնի էսկալացիան, գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է. «Չենք կարծում»։

«Մենք կշարունակենք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան նախագահ (Վլադիմիր) Պուտինի գործողությունների, որպեսզի թույլ տանք Ուկրաինային պաշտպանել իրեն։ Բայց նորից նշենք, որ հենց Ռուսաստանն է այստեղ ագրեսորը»,- նշել է Միլլերը։

Նա նշել է, որ ՌԴ-ն իր ռազմական տեխնիկան տեղակայում է սահմանին մոտ եւ այն օգտագործում քաղաքացիական օբյկեկտներին հարվածելու համար, ուստի ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինան պետք է իրեն պաշտպանելու հնարավորություն ունենա։

«Հենց Վլադիմիր Պուտինն է մշտապես թեժացնում այս հակամարտությունը նորից ու նորից, այդ թվում եւ այս վերջին գործողություններով։ Եվ մենք կարծում ենք, որ սա (Ուկրաինային ամերիկյան զենքն օգտագործելու թույլտվությունը) համարժեք պատասխան է»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ուկրաինան հաստատել է, որ սահմանափակ թույլտվություն է ստացել ամերիկյան զենքով հարվածելու ՌԴ տարածքում գտնվող թիրախներին։

Սպիտակ տունը նշել է, որ ԱՄՆ թույլտվությունը տարածվում է ոչ միայն Խարկովի, այլեւ Սումիի մարզերի սահմանամերձ շրջանների վրա։ Միեւնույն ժամանակ, թույլտվությունը չի տարածվում ATACMS հեռահար հրթիռների վրա։