Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան

Մանրամասներ
գառնիկ

Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Պարզ է, թե ինչի համար են այդ թիրախավորումները արվում։

Արվում են իրենց վախերից, որովհետև իրենք վախեր ունեն, այս օրերին իրենք այդ վախերն արդեն դրսևորել են տարբեր ասուլիսների, գրառումների միջոցով։

Մեզ մեր նախանշած քայլերից ոչ մի բան հետ չի կարող պահել, ունենք շատ լավ լուրեր այն առումով, որ տարբեր տեղերից, կազմակերպություններից նորանոր աջակցության, զորակցության կոչեր են հնչեցնում, միանում են շարժմանը, բազմաթիվ զանգեր ենք ստանում, Սփյուռքից ենք աջակցության կոչեր ստանում, այսօր էլ տարբեր տեղերից մարդիկ են միացել։

Այսօր էլ մեր քայլերթը կշարունակենք, մենք շատ ոգևորված ենք, առջևում դեռ տասնյակ հազարավոր մարդիկ կմիանան»,- նշեց նա։

Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարությանը, թե շարժման հետևում երկրորդ նախագահն է կանգնած՝ Դանիելյանն ասաց․ «Բոլոր նախագահներին թիրախավորելը, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում։

Տարբեր քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից, մարդիկ, որոնք առաջ իրար հետ շփվելու ցանկություն չունեին, այսօր մեկտեղվել են։

Այս շարժումը սկսվել է Տավուշից և դարձել է համահայկական։ Ում հետ ուզեն կկապեն, դե թող կապեն, ինչ ասեմ։

Պետք  չէ սրանում որևէ մեկի գլուխը տեսնել, կամ փորձել պառակտել՝ նորից սևերի ու ստիպակների վերածելով, մեր սևն ու սպիտակը եռագույնն է»։