Գիտենք, թե նրանք ինչպես են դարձել «հպարտ»

«Այն ժամանակ ժողովուրդը հպարտ էր, երբ հեղափոխություն էր անում, հիմա դարձել է «աղքատ ուղեղներով» ժողովուրդ»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Հայելի ակումբում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմանը` հիշեցրեց, որ ինչպես ամիսներ առաջ քաղաքական ուժերը բաժանվեցին «սևերի» ու «սպիտակների», այնպես էլ մամուլն է ներկայումս ակամա բաժանվում «սևերի» ու «սպիտակների»:

«Մենք տեսնում ենք, որ մեր, այսպես ասած, «հպարտ» գործընկերները, որոնք ինչ-որ «հպարտ» բաներ են ասում, թե մամուլում պետք է թափանցիկություն լինի, բայց գիտեք, ի վերջո, փոքր համքարություն է լրագրողական համքարությունը: Բոլորն իրար ճանաչում են և գիտենք, թե նրանք ինչպես են դարձել «հպարտ»։ Կարծում եմ՝ բոլորս էլ այս պատմություններին տիրապետում ենք, ուղղակի չենք ուզում դրա մասին բարձրաձայնել»,- նշեց Աղասի Ենոքյանը։

Նրա խոսքով՝ բոլորին էլ հայտնի է, թե ապրիլին Հայաստանում հեղափոխությունն ինչպես է եղել՝ այն եղել է մամուլի ու ժողովրդի միջոցով։

«Այն ժամանակ ժողովուրդը հպարտ էր, երբ հեղափոխություն էր անում, հիմա դարձել է «աղքատ ուղեղներով» ժողովուրդ, այսինքն՝ հեղափոխության այդ գործիքն իրենց արդեն պետք չէ, դեն են նետում, և ոչ միայն դեն են նետում, այլև վարկաբեկում են։ Այն ժամանակ մամուլն օպերատիվ էր, հեղափոխական էր, բայց հիմա հանկարծ պարզեցին, որ մամուլի 90 տոկոսը նախկին իշխանությունների սեփականությունն է, և մամուլի դեմ հայտարարվեց պատերազմ։ Համարում եմ, որ սա այդ պատերազմի հերթական ճակատամարտն է։ Այսինքն՝ իշխանությունը հարձակվել է, «սև»՝ ոչ իշխանական մամուլը պետք է փորձի դիմադրել ու պաշտպանվել։ Գիտենք՝ հիմա ինչ է, լրագրացված քաղաքականություն է, այսինքն՝ նրանք եղել են լրագրող և գիտեն, թե տրամաբանությունն ինչպիսին է, և նրանց թվում է, թե կարող են այդ տրամաբանությունը ջարդել… չեմ կարծում»,- ասաց Աղասի Ենոքյանը։