Սնվելու համար ճիշտ ժամանակահատվածը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Եթե առողջ սննդի կողմնակից եք, հավանաբար հասցրել եք ուսումնասիրել,թե  ինչպիսի՛ սնունդ է պետք ուտել և ի՛նչ քանակությամբ: Համաձայն նոր ուսումնասիրության՝ կարևոր է ոչ միայն սննդի տեսակը, այլև այն ժամանակը, երբ նստում եք սնվելու։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս  սնվել կանոնավոր, որոշակի պարբերականությամբ:

Արթնանալուց հետո 8-10 ժամվա ընթացքում սնվելն է համարվում արդյունավետ․ օրգանիզմն ունենում է բավականաչափ ժամանակ մարսելու, հանգստանալու և վերականգնվելու համար:

BBC-ին տված հարցազրույցում պրոֆեսոր Սատչին Պանդան ասել է, որ  օրգանիզմն իր ֆունկցիաներն ավելի լավ է կատարում, եթե սննակարգի մոդելը գործում է ըստ ցիրկադյան ռիթմի․

«Մեր օրգանիզմում յուրաքանչյուր բջիջ ունի իր ցիրկադյան ժամերը․ դա 24-ժամյա ցիկլն է: Ստացվում է, որ եթե գոյություն ունի  քնելու օպտիմալ ժամանակ, ապա նույն տրամաբանությամբ՝ նաև ուտելու, սովորելու, ֆիզիկական աշխատանք կատարելու ժամանակ: Օրգանիզմը կարող է սննդամթերքը մարսել և ստանալ օգտակար հատկությունները  8-10 ժամվա ընթացքում, առավելագույնը՝ 12 ժամում»,-ավելացրել է հետազոտությունների հեղինակը:

Մարդիկ, որոնք պարբերաբար փոխում են օրվա ռեժիմը, աշխատում են վաղ առավոտյան կամ գիշերային հերթափոխով, ամենայն հավանականությամբ՝ սնվելու հետ կապված բարդ խնդիրների են առնչվում: Հերթափոխով  աշխատող մարդիկ, ըստ Սատչին Պանդայի, պետք է ուշադրություն դարձնեն, թե օրվա ո՛ր ժամին են սնվում, ընտրեն սննդի սպառման նույն ժամանակահատվածը 8-10 ժամվա կտրվածքով: Խորհուրդ է տրվում խուսափել ալկոհոլի օգտագործումից, քանի որ հերթափոխով աշխատողների օրգանիզմը ավելի զգայուն է դրա նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել աղիքային և այլ հիվանդությունների առաջացմանը: