ՌԴ Ստավրոպոլի երկրամասում այսօր Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, կան տուժածներ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 12։10-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Կոչուբեևսկոյե գյուղից ոչ հեռու՝ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա, «Մերսեդե Վիտո» մակնիշի ավտոբուսը, որը պատկանում է Հայաստանից մասնավոր անձի, շրջվել է»,- ասել է Օլեգ Դեգտարյովը։
Նրա խոսքով՝ միկրովտոբուսում եղել է 6 մարդ, ներառյալ վարորդը։
«Տուժել է 6 մարդ՝ երեք կին և երեք տղամարդ։ Տուժածներին տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց»,- ընդգծել է նա։
Նա նաև հայտնել է, որ «կազմակերպվում է փոխգործակցություն հայկական սփյուռքի հետ»։
Նշվել է նաև, որ ՃՏՊ-ի վայրը շրջափակված է ոստիկանության ուժերով, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները։
Գործակալությանը իրազեկ աղբյուրը հայտնել է, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
0Comments