Իսրայելը կհարձակվի՞ Իրանի վրա․ Ռազմական կաբինետը մի քանի ժամ քննարկել է հարցը և դեռ որոշում չի կայացրել

Մանրամասներ
իսրայել

Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո Իսրայելի ռազմական կաբինետը դեռևս որոշում չի կայացրել, թե ինչպես և երբ է արձագանքելու Իրանի հարձակմանը։

Նախարարներն առանց որոշում կայացնելու ընդհատել են իրենց քննարկումը, հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը։

Սպասվում է, որ առաջիկայում քննարկումները կվերսկսվեն։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների բազմաթիվ հաղորդումների, ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը և «Ազգային միասնություն» կուսակցության անդամ Գադի Այզենկոտը՝ ռազմական  կաբինետի դիտորդը, առաջարկել են հակահարված տալ Իրանին, չնայած նրան, որ իրանական հարձակումը սկսվել էր երեկ երեկոյան:

Առաջարկին կտրականապես դեմ են արտահայտվել պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատար Հերզի Հալևին և այլոք՝ մասամբ միաժամանակյա գործողությունների դժվարության պատճառով, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը կենտրոնացած էին իրանական հրթիռները և անօդաչու թռչող սարքերը որսալու վրա:

Այնուհետև, երբ ակնհայտ է դարձել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերի հաջողությունը և պարզվել է, որ իրանական հարձակումը աննշան վնաս է հասցրել, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և վարչապետ Բենիամին Նաթանյահուի հեռախոսազրույցից հետո Իսրայելի անհապաղ պատասխանի գաղափարը մի կողմ է դրվել, հաղորդում են 12-րդ և 13-րդ ալիքները:

Իսրայելի պատասխանի ժամանակի և բնույթի վերաբերյալ քննարկումներում Նաթանյահուի դիրքորոշումը պարզ չէ:

Ընդ որում, 12-րդ ալիքը պնդում է, որ Միացյալ Նահանգները չի փորձել վետո դնել Իսրայելի որևէ պատասխան գործողության վրա, այլ Իսրայելին ասել է, որ ցանկացած նման պատասխանի մասին անհրաժեշտ է նախապես իմանալ և համակարգել գործողությունները: ԱՄՆ-ն հրապարակայնորեն հայտարարել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ Իսրայելի որևէ պատասխան գործողության։

12-րդ ալիքը նաև պնդում է, որ Իսրայելը փորձում է պարզել, թե արդյոք զսպվածության դիմաց նա կարող է ինչ-որ «ռազմավարական պայմանագիր» կնքել ԱՄՆ-ի հետ Իրանի դեմ՝ առանց պարտավորություն վերցնելու  այնպիսի հարցով, ինչպիսին Պաղեստինի հարցն է: