Եթե իմանանք, որ իշխանությունը «ռադ կլինի», մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ալեն Սիմոնյանն իր ելույթն ամբողջությամբ տեղավորեց Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու անհագ ցանկության մեջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական հայտարարություններ լսեցինք նրա հայտարարություններից, նրա ելույթներում է կարմիր գծով գնում դա: Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն ու ադրբեջանաթուրքական և նրանց վերահսկողության տակ գործող արտաքին գործակալական ցանցը, սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք:

Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այն ինչ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր, որպես լուծում, այդ լուծումը բխում է իրենց երազանքից՝ չունենալ այստեղ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եվրոպիզմ քարոզող և Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիրներն են, դա իրենց երազած ընդդիմությունն է, որ իրենք ուզում են ունենալ»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր անում ընդդիմադիրներին վայր դնել մանդատները:

Ըստ նրա՝ Կառավարությունը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն ու իրենց, իսկ կոտրած ձեռքով գրված ու հաստատված, ծրագրային դրույթները, այլ նաև ամեն պահ մի նոր փորձություն են բերում մեր պետականության գլխին:

«Եթե այս վիճակից իշխանության պատկերացրած ելքը ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն այս բառի քաղաքական իմաստով, եւ ամբողջությամբ կմաքրվի դաշտը, մենք կգնանք այդ քայլին:

Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում: Բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվել, այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք:

Եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի գաղափարն ենք առաջ տանելու: Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: