Բրյուսելում կայացած գագաթնաժողովը չարդարացրեց սպասելիքները Հայաստանում․ DW

Մանրամասներ
եմ

Բրյուսելում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական կայունությանն աջակցելու նպատակով կայացած գագաթնաժողովն ավարտվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 5-ին, գրում է DW–ն՝ նշելով, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը ընդհանուր առմամբ 330 միլիոն եվրո են խոստացել Երևանին:

Այս լուրը Հայաստանում ընդունվեց որոշակի անտարբերությամբ, քանի որ շատերն ավելին էին սպասում այդ իրադարձությունից՝ այն դիտարկելով որպես որոշիչ պահ, որը կորոշի երկրի հետագա արտաքին քաղաքականությունը։

Բրյուսելում հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում նշվել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի օգնությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ՝ ըստ երևույթին փորձելով արձագանքել Ադրբեջանի մտահոգություններին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում հետ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները ինտենսիվ կապի մեջ էին Բրյուսելի գագաթնաժողովից առաջ, այնուամենայնիվ դրանում տեսնում էր տարածաշրջանում «բաժանարար գծեր ստեղծելու» և Բաքվին մեկուսացնելու նպատակ։ Մինչ այս Ադրբեջանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի «հայամետ» դիրքորոշումը կարող է պատրանքներ ստեղծել Հայաստանում՝ Ադրբեջանի հետ առճակատման հարցում Արևմուտքի աջակցության վերաբերյալ։

Փորձելով հանգստացնել Բաքվին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավաստիացրել էր, որ Փաշինյանի, Բլինքենի և ֆոն դեր Լեյենի հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի բարեփոխումների, ժողովրդավարության և տնտեսության վրա, մինչդեռ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին անդրադարձ չի լինելու։

Տարածաշրջանային այլ խաղացողներ, մասնավորապես՝ Ռուսաստանը և Թուրքիան, նույնպես քննադատաբար արձագանքեցին հանդիպմանը՝ դրա մեջ տեսնելով աշխարհաքաղաքական հետևանքներ։ Անկարան ասել էր, որ առանց Ադրբեջանի մասնակցության հանդիպումը «խաթարում է չեզոք մոտեցումը, որը պետք է հիմք հանդիսանա տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար»։ Ռուսաստանն այս նախաձեռնության մեջ տեսել էր Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության մեջ ներքաշելու փորձ, ինչը միայն սրում է Մոսկվայի և Երևանի առանց այն էլ սուր հակասությունները։

Հայ փորձագետները նշում են, որ Հայաստանում այս հանդիպման արդյունքներն ընկալվեցին որոշակի անտարբերությամբ, քանի որ երկիրը դրանից մեծ ակնկալիքներ ուներ։ Այն աստիճան, որ որոշ քաղաքական գործիչներ և փորձագետներ այն համարում էին «շրջադարձային» Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ։

«Հայաստանի հասարակությունը մի կողմից բավականին մեծ ակնկալիքներ ունի, մյուս կողմից՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի սուր արձագանքները ոչ մի կերպ չեն նպաստում այդ հանդիպման արդյունքների իրական գնահատմանը»,- DW-ի հետ զրույցում ասել է ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանը, ով նախկինում երկար ժամանակ աշխատել է Հայաստանի ԱԳՆ-ում և Անվտանգության խորհրդում։