Ուկրաինային զենք է պետք, այլ ոչ թե «սպիտակ դրոշներ». Ստոլտենբերգը՝ Հռոմի պապին

Մանրամասներ
նատօ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը համաձայն չէ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այն հայտարարության հետ, որ Ուկրաինան պետք է ունենա «սպիտակ դրոշ պարզելու քաջություն» և բանակցի պատերազմը դադարեցնելու համար։

Այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում։

Ըստ Ստոլտենբերգի՝ «եթե ցանկանում ենք բանակցությունների միջոցով հասնել խաղաղ, երկարաժամկետ լուծման, ապա դրան տանող ճանապարհն Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով է»։

Նա հավելել է, որ «այն, ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, անքակտելիորեն կապված է մարտի դաշտում ուժի հետ»։

Հարցին, թե արդյոք նրա խոսքերը նշանակում են, որ Ուկրաինայի համար «սպիտակ դրոշների» մասին խոսելու ժամանակը չէ, դաշինքի գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Հիմա ուկրաինացիների կապիտուլյացիայի մասին ժամանակը չէ խոսելու։ Դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար։ Դա նաև վտանգավոր կլինի բոլորիս համար»: