Սերժ Սարգսյանը վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյան

Իրականության բացահայտման ճանապարհին Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում եմ օգտակար։

Այս մասին, անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018-ին մոտալուտ արհավիրքի մասին հայտարարությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հայտարարության կոնտեքստից ու հարցուպատասխանից զգացվում է, որ խոսքը ԼՂ խնդրի շուրջ առաջացած բարդությունների մասին է ու շատ կարևոր է, որ հետահայաց Սերժ Սարգսյանը այդ մասին հայտարարում է։ Այն ժամանակ, երբ ինքը կայացրել է որոշում  վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ասում է, որ այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին։ Սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018-ի դրությամբ ԼՂ հարցի գործընթացի վերաբերյալ  մեր գնահատականները, այլևս նոր նյուանս է ավելացնում  և վերահաստատում այդ գնահատականը։ Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առվազն դա զրոյացնում է այդ ընթացքւոմ  նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական  հաղթանակների իրավիճակում են եղել  2017-18 թթ-ին, որովհետև դիվանագիտական հաղթանակների վիճակում  գտնվելը չի նշանակում երկիրը  հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի։ Բա այդ արհավիրքը 2018 թվականի հունվարի դրությամբ  արդեն վերահաս էր, այդ ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը կանգնել Հայաստանի դռան դեմը։ Այստեղ նաև ուրիշ նյուանս կար, ինչու այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել  ժողովրդին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հարցադրում արեց, թե ինստիտուցիոնալ մակարդակով ի՞նչ հանրային տեղեկատվություն կա մինչև 2018 թվականը վարված բանակությունների մասին։

«Հետագայում, երբ հարց ծագի, թե մեր այս շրջանում ինչ է եղել՝ հանդիպումներ, քննարկումներ, որոշումներ, ՀՀ որևէ իշխանություն խնդիր չի ունենալու իմանալ, թե որտեղ ինչ է խոսել։ 2018թ-ի մայիսի 9-ից սկսած այդ մարդիկ ասել են տալիս են, տալիս են, բա եթե այդ արհավիրքը վերահաս էր, թող աշխատանքային կարգով ասեին ու տեղեկատվություն տային կառավարությանը։ Ես մեկ - երկու փորձ արել եմ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումներ անելու, բայց, երբ որպես վարչապետ շփվել եմ, հասկացել եմ, որ երբ պատգամավոր էի, հարցեր էի տալիս, նույն ձևով էին պատասխանում՝ փորձելով ստեղծել վիրտուալ իրականություն։ Էդ ոնցա՞ Սերժ Սարգսյանը և իր թիմը պաշտոնանկությունից հետո կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակ նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրել՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, ես էլ առաջարկում եմ սա անել։

Ինչու Սերժ Սարգսյանը չէր կարող գրել՝ կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք, ես էլ առաջարկում եմ անել սա։ Ուզում եմ մենք ըստ արժանավույն գնահատենք Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։