«Դե, ռուսն էլ կասի՝ Հայաստանի դաշնակիցը չեմ Սյունիքի հարցով». Արման Աբովյան

Մանրամասներ
արման աբովյան

Օրերս Մյունխենում մոտ երկու տասնյակ հայերի հետ հանդիպման ժամանակ, որոնք, ի դեպ, չէին հանդիսանում Գերմանիայի հայկական կառույցների անդամներ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ, և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- ասել է Փաշինյանը ու պնդել, որ քանի որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել է Խորհրդային Միության 13 հանրապետություն, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ուստի Ուկրաինայի հարցում իրենց ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը՝ շեշտեց՝ նման հայտարարություն անելով՝ Հայաստանի իշխանությունը բացեց Պանդորայի արկղը։

«Դու իրավունք ես տալիս դաշնակցիդ, որ վաղը հայտարարի՝ Հայաստա՛ն, քո դաշնակիցն եմ, բացի Տավուշի կամ Սյունիքի հարցով։ Ես չեմ հավատում, որ իրենք չեն հասկանում, թե ինչ են ասում. սա արվում է միտումնավոր, որ վաղն ասեն, թե ռուսները խախտեցին իրենց դաշնակցային պարտավորությունները»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով՝ սա ասելու փոխարեն՝ պետք է լավ հարաբերություններ հաստատել այն կենտրոնների հետ, որոնց հետ նման պատմություն կա, և դուրս գալ անիմաստ ռուսամետ ու արևմտամետ դիսկուրսից, որը հայ քաղաքական միտքն ուղղակիորեն հալածում է։

Ինչ վերաբերում է Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ապա Արման Աբովյանը մի օրինակով ցույց տվեց, որ եթե ՀՀ իշխանությունը հայամետ է, ապա բոլորի հետ պայմանավորվել ստացվում է՝ անկախ նրանից, որ այդ կենտրոններն իրար հետ հակամարտության մեջ են։

«Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը դեմ էր Ռուսաստանը, որովհետև դա իր գազի այլընտրանքն էր, ԱՄՆ-ը դեմ էր, որովհետև Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ էր, Իրանն էլ թույլ էր ու չէր գտնվում թելադրողի դերում։ Ստացվե՞ց Իրան-Հայաստան գազամուղը կառուցել, այո՛, ստացվեց։ Հետևապես, հիմա սրանց մոտ ոչ թե չի՛ ստացվում, այլ չկա ցանկություն»,- ասաց Աբովյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։