Նուբարաշենում հիմա միայն հսկիչի 35 թափուր տեղ կա, էլ չեմ խոսում բժշկի և հոգեբանների մասին

Չե՞ք կարծում, որ հեղափոխական փոփոխություններ կարիք կա

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որ մի քանի օր առաջ ՄԻՊ-ի աշխատակազմն անսպասելի այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ ու պարզել, որ Մհեր Եղիազարյանի մահվան ժամանակ բժիշկ չի եղել, որն անհրաժեշտ բուժօգնություն ցույց կտար 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալին:

«Նուբարաշենում հիմա միայն հսկիչի 35 թափուր տեղ կա, էլ չեմ խոսում բժշկի, հոգեբանների մասին: Եթե մենք ուզում ենք, որ կալանավորը դուրս գա կալանավայրից սոցիալականացված և ոչ թե ավելի գազանացած, նրանց հետ պետք է աշխատեն հոգեբանները, սոցիոլոգները: Արդյո՞ք մենք այսպես դիպվածային հոգեբան պեղելով, ասելով` արի, 80 հազար դրամով աշխատի, կարողանալու ենք այդ հարցերը լուծել: Չե՞ք կարծում, որ հեղափոխական փոփոխություններ կարիք կա»,- ասել է Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանին ի պատասծան Արտակ Զեյնալյանն ասել է. «Դա մեր բոլորի խնդիրն է, մեր բյուջեից ենք ֆինանսավորում այդ ամբողջը: Մենք պետք է կարողանանք տարբերակում մտցնել՝ 4-րդ կարգի վթարային շե՞նք ենք վերանորոգում, «Հյուսիս-հարավ» ճանապա՞րհն ենք վերանորոգում, թե՞ կառուցում նոր քրեակատարողական հիմնարկ»: