ԱՄՀ-ն երբեք դեր չի խաղա Թուրքիայի տնտեսության ապագայում

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանալու են մարտի 31-ին

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երբեք դեր չի խաղա Թուրքիայի տնտեսության ապագայում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ այս հարցում քննադատելով հիմնական ընդդիմադիր կուսակցությանը, տեղեկացնում է Hurriet-ը։

«Ես ասացի ԱՄՀ նախագահին Դավոսում. «Դուք չեք Թուրքիայի վարչապետը, այլ ես։ Դուք չեք կառավարում Թուրքիան, վերցրեք ձեր փողերն ու մեզ հանգիստ թողեք։ Նա հեռացավ ԱՄՀ ղեկավարի պաշտոնից, իսկ ես դարձա նախագահ։ Հիմա մենք պարտք չունենք ԱՄՀ-ին»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այս հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում կունենա, եթե գա իշխանության։

Էրդողանը նաեւ  հայտարարել է, որ ընդդիմադիր դաշինքների ռազմավարությունը եւ տեղական ընտրությունների թեկնածուները ձեւավորվել են իսլամական քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի եւ Քրդական բանվորական կուսակցության կողմից։ «Նրանց ընտրական ռազմավարությունները, ինչպես նաեւ թեկնածուների ցուցակները պարտադրվել են Փենսիլվանիայից (որտեղ ապրում է Գյուլենը) եւ ահաբեկչական բարոնների կողմից»,- ավելացրել է նա։

Նշենք, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանալու են մարտի 31-ին։