Աննա Հակոբյանը խոսել է իր մեծագույն վախի մասին

Մշատպես մտածել եմ, որ իմ որեւէ բառ հիմք չտա, որ որեւէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա

«Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ինքը երբևէ չի բարեխոսել ամուսնուն իր մտերիմներին աշխատանքի տեղավորելու համար:

«Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի, հետո՝ գլխավոր խմբագիր, գրել եմ նյութեր, ռեպորտաժներ, առավել եւս խմբագրականներ, որոնք լուրջ քննադատությունների են արժանացել, միշտ վախեցել եմ նրանից, որ չգրեմ մի բան, որը կկարդան Բաղրամյան 26-ի կաբինետներում կամ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այն ամենի մեջ, ինչի մասին ես գրում եմ, կկարդան եւ կծիծաղեն ինձ վրա: Դա եղել է իմ մեծագույն վախը լրագրողական գործունեության ընթացքում»,-նշեց նա:

Աննա Հակոբյանը պնդեց՝ եթե քննադատել է կամ քննադատական պնդում է արել լրագրողական գործունեության ժամանակ, մինչեւ վերջին կաթիլը ճշտել է այն հիմքերը, որոնք թույլ են տվել իշխանության հասցեին քննադատական որեւէ խոսք ասել:

«Ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը, հնարավոր հայհոյանքները թերթի հասցեին, բայց մշատպես մտածել եմ, որ իմ որեւէ բառ հիմք չտա, որ որեւէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա»,-եզրափակեց նա։