Forbes. Ռուսաստանում երկրորդ կինն է դարձել միլիարդատեր

Անցած տարի Wildberries-ի շրջանառությունն աճել է 72 տոկոսով եւ հասել 118,7 միլիարդ ռուբլու

Wildberries ինտերնետ խանութի սեփականատեր Տատյանա Բակալչուկը դարձել է Ռուսաստանի երկրորդ կին միլիարդատերը, տեղեկացնում է Forbes-ը։

Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Առաջին ռուսաստանցի միլիարդատիրուհին Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան է։

Այս տարի Wildberries-ը զբաղեցրել է չորրորդ տեղը Ռունետի ամենաթանկ ընկերությունների վարկանիշում՝ ստանալով 1,2 մլրդ դոլարի կարողության գնահատական։

Դա հանրային ընկերություն չէ, ուստի նրա կարողությունը գնահատվել է վաճառքի եւ շահույթի ծավալի մասին տվյալների հիման վրա, ինչպես նաեւ համանման նախագծերի բազմապատկիչներով ու վենչուրային կապիտալիստների գնահատականներով, ասվում է հրապարակման մեջ։

Բակալչուկը կրթությամբ անգլերենի դասախոս է։ Նա Wildberries-ը հիմնել է 2004-ին ամուսնու հետ միասին։ Սկզբում ամուսինները վաճառում էին կանացի հագուստ Otto եւ Quelle հավաքածուներից, տեսականին աստիճանաբար ընդլայնվում էր, եւ հիմա կայքում ներկայացված են ամենատարբեր ապրանքներ։ Ամեն ամիս նրանց խանութ այցելում է մոտ 60 միլիոն մարդ։

Անցած տարի Wildberries-ի շրջանառությունն աճել է 72 տոկոսով եւ հասել 118,7 միլիարդ ռուբլու։ Օնլայն ռեթեյլերն աշխատում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Հայաստանում։