Արարատ Միրզոյանը հաստատեց ականապատման հարցերում ադրբեջանական պնդումները. 2023 թվականին Փաշինյանը «միջազգայնորեն» հերքում էր

Մանրամասներ
իլյուշ

Հունվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ականապատ տարածքների քարտեզների հետ կապված ադրբեջանական պահանջներին ու մեղադրանքներին, թե հայկական կողմը ոչ ճշգրիտ քարտեզներ է փոխանցել:

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը տրամադրված է շարունակել վստահության ամրապնդման միջոցառումները, և երկու անգամ ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի քարտեզներ:

«Տարօրինակորեն, շարունակաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզներն այդքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ կերպով չեն արտացոլում ականների տեղակայումը: Այստեղ տեղին է հիշել, որ այդ ականապատումը՝ հաճախ հենց նույն տարածքների, սկսվել էր դեռ 1990-ականներին հենց Ադրբեջանի կողմից: Ինչևէ, մենք կարողացել ենք ի մի բերել և փոխանցել ադրբեջանական կողմին այն տեղեկատվությունը, ինչ մեզ հասանելի էր:

Ցանկանում եմ ասել, որ, իմ տեղեկությունների համաձայն, այժմ համապատասխան հայկական մարմիններն աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել նոր տեղեկատվություն հնարավոր նոր ականների վերաբերյալ, և չեմ բացառում, որ համապատասխան երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվություն:

Ես չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին, թեև կարող եմ ասել, որ վստահաբար այս անգամ պետք է այդ գործողությունն անել միջազգային գործընկերների միջոցով, և հույս ունենք, որ եթե դա տեղի ունենա, ապա այդ փոխանցման պահին, կամ փոխանցման օղակում հնարավոր կլինի ևս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում, բայց ես երևի մի փոքր առաջ անցա, կրկնում եմ, որ հարցումները դեռևս իրականացվում են այս առումով»,- շարունակել է Միրզոյանը:

Այսինքն, Արարատ Միրզոյանն ընդունում է, որ Ադրբեջանին կարող են փոխանցված լինել ոչ ճշգրիտ քարտեզներ, ավելին, ըստ էության, նա հաստատում է ադրբեջանական կողմի պնդումները, որ ականներ են տեղադրվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, և, որ Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված ականները եղել են 2021 թվականի արտադրության: Մինչդեռ 2023 թվականի հուլիսին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ականապատման հարցերով ադրբեջանական մեղադրանքներին, շեշտել էր. 

«Նախ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները և հետո հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների, ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ»:

Իսկ 2022 թվականին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված միջանկյալ զեկույց-նամակի համաձայն՝ Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված ականների և պայթուցիկ զինամթերքի մեծ մասն արտադրվել են հայկական «Հայկ Մեկ» ընկերության կողմից, որը հիմնվել է 1991-ին և կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում:

Նշվում է, որ «Հայկ Մեկ» ընկերության արտադրած (ПМН-Э, ПМН-2, ПОМЗ-2, ОЗМ-72, МОН-50, ПФМ-1) ականները ցուցադրվել են ArmHiTec–2016 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում:

Ըստ վերը նշված զեկույցի՝ Ադրբեջանին Հայաստանի փոխանցած ականապատ տարածքների քարտեզները պարունակում են մոտ 400.000 հակատանկային, հակահետևակային ականների և պայթուցիկ զինամթերքի վերաբերյալ տեղեկություն: Այսինքն, ըստ ադրբեջանական կողմի, տրամադրված ականապատ քարտեզների միայն 25 տոկոսն է ճշգրիտ, որն ընդգրկում է գրավյալ տարածքների մոտավորապես 1.25 տոկոսը:

Մենք գրել էինք, որ 2017-ին ՀՀ կառավարության որոշմամբ երկարացվել էր «Հայկ Մեկ»  կազմակերպության՝ զենք արտադրելու թույլտվության արտոնագիրը, դրանով ընկերությանը թույլատրվել էր ևս 5 տարի ռազմամթերք արտադրել:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ ընկերությունը 2012 թվականից մինչ այդ պահը կատարել է զենքի արտադրության մոտ 503 միլիոն դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ և ըստ տվյալների՝ ավելացրել արտադրության ծավալները։ Ընկերությունը զբաղվում էր ականանետերի, ականների, պայթուցիչների, փամփուշտների և այլ զինամթերքի արտադրությամբ:

Սակայն 2022 թվականին «Սփյուռ» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ «Հայկ Մեկ» ընկերությունն այլևս չի գործում, իսկ տեղեկությունները թարմացվել էին 2021 թվականի հուլիսին, և մենք այդպես էլ չկարողացանք պարզել՝ ընկերությունը դադարել է գործել իրեն տրված արտոնագրի ժամկետի ավարտից հետո՞, թե՞ մինչև դա, և ո՞րն է գործունեությունը դադարեցնելու պատճառը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենցից մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար է պահանջվելու Արցախի օկուպացված տարածքներն ամբողջությամբ ականազերծելու համար, քանի որ խոսքն ավելի քան 1 միլիոն ականի մասին է: Կարո՞ղ ենք ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը համարել աջակցություն Ադրբեջանին ականազերծման գործում, գուցե, իսկ մենք 44-օրյա պատերազմից անհայտ կորածներ ունենք…