Աները զինված գնացել է Ջրառատ գյուղ, կրակել ու սպանել է իրեն հայհոյած փեսային

Մանրամասներ
կրակոց ինքնաձիգ ատրճանակ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել են մարզի Ջրառատ գյուղում կատարված՝ աներոջ կողմից փեսայի սպանության դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից 2023թ. փետրվարի 28-ին մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած սպանության փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ջրառատ բնակավայրի 31-ամյա բնակչի և վերջինիս կնոջ հոր միջև, դեպքին նախորդող ժամանակահատվածում, երիտասարդ ամուսինների հարաբերությունների հետ կապված հեռախոսային խոսակցության ժամանակ, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ:

Նշված վիճաբանությունից հետո 31-ամյա տղամարդու կնոջ 46-ամյա հայրը, ով բնակվում է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, դստեր ամուսնու կողմից իրեն հայհոյելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, որոշել է հաշվեհարդար տեսնել նրանից։ Մտադրությունն իրականացնելու նպատակով 2023թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերցնելով և ապօրինի իր մոտ պահելով, իր կողմից ապօրինի ձևափոխված՝ կարճեցված խզակոթով և փողով «ԻԺ» մոդելի հրացանը և դրա համար նախատեսված 11 հատ փամփուշտ՝ համագյուղացուն պատվիրել է իրեն տանել Ջրառատ բնակավայր:

Ժամը 17:00-ի սահմաններում հասնելով Ջրառատ բնակավայր՝ փնտրել և տուժողի տանը կից անասնագոմի մոտ նկատել է վերջինիս՝ աշխատելիս: Իջելով ավտոմեքենայից՝ նա մեկ անգամ կրակել է երիտասարդի ուղղությամբ, որը դիպել է անասնագոմի պատին: Շարունակելով իր հանցավոր մտադրությունն իրագործելու նախաձեռնությունը՝ նա նույն հրացանից ևս երկու կրակոց է արձակել իրեն մոտեցող փեսայի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կրծքավանդակի հրազենային՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հեռացել է դեպքի վայրից, սակայն նույն օրը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 336-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: