Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա․ Պուտին

Մանրամասներ
էրդողան

Մոսկվայի և Անկարայի միջև գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, կողմերը վճռական են հետագայում զարգացնելու հարաբերությունները՝ բարիդրացիության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի գործընկերությունը Թուրքիայի Հանրապետության հետ բարձր մակարդակի վրա է և հիմնված է տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության երկար տարիների փորձի վրա։

Ավելին, երկու կողմերն էլ հաստատակամ են հետագայում զարգացնելու հարաբերությունները բարիդրացիության, գործընկերության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա», - ասել է Պուտինը երկուշաբթի օրը Կրեմլում հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ երկկողմ բոլոր առանցքային հարցերը երկու երկրների նախագահների կանոնավոր շփումների օրակարգում են։

«Կցանկանայի հատկապես նշել, որ էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունն իսկապես ռազմավարական բնույթ ունի»,- ընդգծել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ «Ռոսատոմը» շարունակում է կառուցել Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույու»-ն, սերտ համագործակցություն է հաստատվել գազի ոլորտում «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շահագործման շրջանակներում, և աշխատանքներ են տարվում Թուրքիայի տարածքում գազի բաշխման հանգույցի ստեղծման ուղղությամբ։

«Եվ մենք ունենք շատ ու շատ այլ հետաքրքիր նախագծեր, համատեղ ձեռնարկումներ, այդ թվում՝ առևտրի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- նշել է ՌԴ նախագահը։