Մերկելն անհանգստացած է

«Հյուսիսային հոսք – 2»-ի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիան աճում է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհանգստացած է «Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցման նկատմամբ ԱՄՆ-ի աճող ագրեսիայից: Փետրվարի 18-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երեք աղբյուր։

Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի կառավարությունում անհանգստացած են, թե որոնք կլինեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետագա քայլերը գազի նախագծի նկատմամբ այն բանից հետո, երբ Բեռլինին հաջողվեց խափանել եվրոպական դաշնակիցներին իր դեմ տրամադրելու Վաշինգտոնի փորձերը:

Ինչպես նշում են աղբյուրները, վերջին տասն օրվա ընթացքում ամերիկացի դիվանագետները փորձել են Փարիզի եւ Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաներին դրդել խստացնելու իրենց դիրքորոշումը նախագծի նկատմամբ:

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսն ընդգծել է ԱՄՆի դիրքորոշման կոշտությունը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նկատմամբ եւ Եվրամիությանը կոչ է արել հետեւելու իր օրինակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։