Լավ, ենթադրենք ՀԱՊԿ-ը վատն է, քխ է, բա ո՞վ է էդ լավը. Դաշնակցի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով.Սերժ Սարգսյան. VIDEO

Մանրամասներ
սերժ սարգսյան

Միայն դրամ ներդնելով չեն սահմանները պահում, երկիրը դարձնում անվտանգ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Միայն զենքով չէ, նաեւ քաղաքականությամբ, նաեւ դաշնակիցների, գործընկերների օգնությամբ են դարձնում անվտանգ»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, Սերժ Սարգսյանն ասաց. «ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով: Եթե ուղեղ չունես, փոխաբերական իմաստով եմ ասում, ապա չես կարող ունենալ այն արդյունքը, ինչ որ ակնկալում ես: Դաշնակիցը նրա համար չի, որ քո փոխարեն կռվի, դաշնակիցը նրա համար է, որ անհրաժեշտության պարագայում եւ հնարավորությունների սահմաններում քեզ օժանդակի: Բայց դա միակողմանի չի կարող լինել:  Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պետք է օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով եւ այլն»::

Դիտարկմանը, որ թշնամին ներխուժել է ՀՀ տարածք, իսկ ՀԱՊԿ-ը իրերն իրենց անունով չի կոչում, երրորդ նախագահն ասաց. «Հիմա դա բարդ խոսակցություն է: Ես հարցից չեմ փախչում եւ նպատակ չունեմ ՀԱՊԿ-ին կամ որոշում ընդունողներին արդարացնելու: Իսկ ո՞վ է կոնկրետ ինչ-որ մի բան ասել: Լավ, ենթադրենք ՀԱՊԿ-ը վատն է, քխ է, բա ո՞վ է էդ լավը:

Երբ դաշնակիցն առաջարկում է, դու ասում ես՝ չէ, ի՞նչ անի դաշնակիցը, գա քեզ նորից խնդրի՞, նորից եւ նորի՞ց: Երբեք մեր դաշնակիցներին արդարացնելու նպատակ կամ ցանկություն չունեմ, եթե կուզեք, ես ավելի մեծ խնդիրների մասին կարող եմ խոսել, բայց դրա սկզբնապատճառը պետք է պարզել: Բա ինչո՞ւ 30 տարի այդ դաշնակիցը իր պարտականությունները կատարում էր: Որովհետեւ մենք աշխատելու ձեւը գիտեինք, որովհետեւ մենք համարում էինք իրենց իրական դաշնակից, որովհետեւ մենք անհրաժեշտության պահին որեւէ մեկից չէինք քաշվում եւ միջազգային ատյաններում քվեարկում էինք այնպես, ինչպես մեզ էր ձեռնտու, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին դուր կգար, եւ այսպես շարունակ»: